Վրացական Apsny.ge կայքը, վկայակոչելով Версия թերթը, նշում է, որ վրացական քաղաքականության մեջ կարող են հայտնվել ևս մեկ ռուս օլիգարխի ֆինանսները: Խոսքը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Ռոման Աբրամովիչի մասին է:
Նշվում է, որ Աբրամովիչի փողերը կարող են վրացական ընդդիմությանը հասնել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՎՖՖ) նախկին նախագահ, գործարար Մերաբ Ժորդանիայի միջոցով, որը սերտ հարաբերությունների մեջ է Աբրամովիչի հետ:
Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Ժորդանիան սկսել է ակտիվորեն համագործակցել «Վրացական կուսակցության» հետ: Այս տեղեկատվությունը Ժորդանիան ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել:
Նախորդ տարվա օգոստոսին Ժորդանիան գնել էր հոլանդական «Վիտես» ակումբը, ինչն, ամենայն հավանականությամբ, արվել է Աբրամովիչի փողերով:
Տեղեկություններ կան, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն անձամբ է Աբրամովիչին հրահանգ տվել ֆինանսավորելու վրացական ընդդիմության ռուսամետ թևին: Այդ նպատակի համար լավագույն թեկնածուն Ժորդանիան է, որն իր սեփական հաշիվներն ունի վրացական ներկայիս ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ Ժորդանիան ՎՖՖ-ի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 1998 թվականի հոկտեմբերին, ապա վերընտրվել 2002 թվականի օգոստոսին: Նրա գործունեությունը լի է եղել ֆինանսական խարդախություններվ, որի արդյունքում նա մի քանի անգամ ձերբակալվել է: