ԱԺ նիստի մեկնարկից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մի քանի հարց ուղղեց գազի գնի բարձրացման վերաբերյալ:
Զարուհի Փոստանջյանի հարցին՝ պարոն Աբրահամյան, Դուք, որպես ԱԺ նախագահ, ի՞նչ եք ձեռնարկելու, որ այդ թանկացումը տեղի չունենա, այլ ոչ թե սուբսիդավորվի գազի գինը: Արդյոք դուք է՞լ եք կողմնակից, որ գազի գինը բարձրանա», Հովիկ Աբրահամյանը պատասխանեց՝ իր նախաձեռնությամբ մայիսի 23-ին ԱԺ-ում հանդիպում կլինի վարչապետի, էներգետիկայի նախարարի հետ, կփորձեն հասկանալ՝ ինչ կարելի է անել:
«Գազը ապրանք է, ներկրվում է դրսից, այն իր գինն ունի, իսկ մեր իշխանությունները չեն կարող միանձնյա բարձրացնել կամ իջեցնել այն: Քննարկումներ են անցկացվում, որ հնարավորինս ցածր գնով ներմուծվի»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Չե՞ք կարծում, որ մեր արտաքին դիվանագիտության պատճառով է գազը թանկանում: Այստեղ ռուսական ռազմաբազային անվճար հողատարածքներ տալու որոշում կայացվեց, չե՞ք կարծում, որ սա ձեր բացթողումն է, որ չկարողացաք մեր պետական շահն առաջ մղել: Մենք ունենք ապրանք, անվճար տվեցինք, իսկ Ռուսաստանն իր ապրանքը՝ գազը, մեզ վրա ցանկանում է վաճառել նման գնով: Չե՞ք կարծում որ ձեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով է այդպես ստացվել»:
«Ոչ, չեմ կարծում»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին առաջարկեց չշտապել՝ մինչև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև բանակցությունները ավարտվեն. «Արդյունքներից հետո գրավոր առաջարկ ներկայացրեք, մենք կքննարկենք»:









































