Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում մեկնարկող Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովում նախատեսվում է ստորագրել ռեկորդային թվով փաստաթղթեր:
Ըստ Կոմերսանտի` հանդիպման գլխավոր կոմերցիոն արդյունքը կլինի Աֆղանստանից ՌԴ-ի տարածքով ռազմական բեռների փոխադրման վերաբերյալ համաձայնագիրը, որը Ռուսաստանի բյուջեի համար կերաշխավորի տասնյակ միլիոնների ամսական մուտքեր: Որպես պայման` ռուսական իշխանությունները առաջ են քաշում այդ երկրի մաքսային և հատուկ ծառայությունների` տեղափոխվող բեռների նկատմամբ լիարժեք վերահսկողության տրամադրումը:
ՆԱՏՕ-ում Կրեմլի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը նշել է, որ Պորտուգալիայի մայրաքաղաքում տեղի ունենալիք գագաթնաժողովի օրակարգում են մի շարք կարևոր հարցեր, որոնց թվում, բացի վերը նշվածից` ռուսական Ми-17 ուղղաթիռների վաճառքը հյուսիսատլանտյան դաշինքին: Բացի այդ, կողմերը քննարկելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, Աֆղանստանը, ծովահենությունը, կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքների պաշտպանությունը և զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում` հրթիռային տեխնոլոգիաների չտարածումը: Ըստ Ռոգոզինի` առաջին չորս հարցերի շուրջ համաձայնություն արդեն կա, հրթիռների շուրջ առկա է լուրջ անհամաձայնություն, սակայն նա հույս է հայտնել, որ մինչև նոյեմբերի 20-ը այն, ի վերջո, կհարթվի: