
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները վերջին օրերին բավական ուշագրավ մեկնաբանություններ են տալիս՝ կապված Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հեռանկարների հետ:
Երեկ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողներին տեղեկացրեց, որ մոտ ապագայում Իրանից փորձագետներ և մասնագետներ են գալու Հայաստան երկաթգծի կառուցման տնտեսատեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու նպատակով:
Իսկ այսօր հարցին «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադարձավ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը՝ ասելով, որ որոշ չինական ընկերություններ հետաքրքրված են երկաթգծի կառուցմամբ:
Գլխավոր խնդիրն այստեղ, իհարկե, նախագծի ֆինանսավորումն է, որը գնահատվում է մոտ 2․5-3 միլիարդ ԱՄՆ դոլար, և հայկական կողմը փորձում է գտնել ֆինանսական միջոցներ հայ-իրանական երկաթուղին կառուցելու համար: Հնարավոր ֆինանսավորողներից մեկը Չինաստանն է:
Ստորև ներկայացնում ենք Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ հարցուպատասխանը, որը տեղի ունեցավ Հայաստանի Ազգային պատկերասրահում չինական գարնանային տոնին նվիրված միջոցառման ընթացքում:
«Առաջին լրատվական»- Պարոն դեսպան, Հայաստանը կարո՞ղ է միանալ Չինաստանի նախաձեռնած նոր «Մետաքսի ճանապարհ»-ին, որը ներկայումս Չինաստանից Ղազախստանի և Ադրբեջանի տարածքով հասնում է մինչև Վրաստան:
– Պետք է ասեմ, որ «Մետաքսի ճանապարհ»-ի համատեղ կառուցման նախագիծը շատ բազմաշերտ, համալիր ծրագիր է: Այն ներառում է թե՛ տրանսպորտ, թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական և թե՛ հումանիտար համագործակցություն: Ուստի ես կարծում եմ, որ փաստացի մենք արդեն իսկ Հայաստանի հետ իրականացնում ենք համագործակցություն հենց այդ նախագծի շրջանակներում:
«Առաջին լրատվական»- Իսկ հնարավո՞ր է, որ Չինաստանը ֆինանսավորի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը:
– Ես այսպես կպատասխանեմ այդ հարցին. այսօր կան չինական ընկերություններ, որոնք հետաքրքրված են՝ ուսումնասիրելու այդ նախագծի շուրջ հետագա համագործակցության հնարավորությունը: