Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ, շատ հավանական է, որ Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների իրար հաջորդող փոխայցելությունները կապված լինեն հայ-թուրքական գործընթացի վերակենդանացման և մասնավորապես` Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո քայլեր ձեռնարկելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ:
«Հարցն այն է, որ մերոնք միշտ հպարտանալով ասում են, թե գնդակը գտնվում է Անկարայի կիսադաշտում, այնպես որ, Հայաստանն ու Շվեյցարիան ինչքան էլ նախապատրաստական աշխատանքներ կատարեն, միևնույն է` եթե Էրդողանը չցանկանա, որևէ բան տեղի չի ունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետը և հավելեց, որ Էրդողանն ընդամենը օրեր առաջ է հայտարարել, թե առանց Ղարաբաղի հարցում առաջընթացի, որևէ քայլ չի անելու:
Ըստ Շաքարյանի՝ հստակ է, որ դա ընտրություններից առաջ արված ազգայնական բնույթի հայտարարություն է. «Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ. քանի դեռ մենք չտեսնենք, որ Անկարա-Շվեյցարիա հարաբերությունները ևս զարգանում են նույն ակտիվությամբ, ապա միայն Հայաստան-Շվեյցարիա հարաբարություններն առաջընթացի համար անհրաժեշտ որևէ հող չեն կարող նախապատրաստել: Խնդիրը հայ-շվեյցարական հարաբերությունները չեն, այլ հայ-թուրքական»: