Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, խորհրդարանական նոր «Եվրոնեսթ» վեհաժողովը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության շուրջ երկխոսության ձևավորմանը: Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Յեժի Բուզեկը.
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ ցավոտ հարց է: Մեր ներգրավածության դետալներն այդ հակամարտության կարգավորման գործում ամբողջովին կախված են հակամարտող կողմերի որոշումներից:
Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները գործընկերների հարաբերություններ են, և մենք ցանկանում ենք օգնել հակամարտող կողմերին լուծելու այդ խնդիրը: Մենք ցանկանում ենք նրանց ներկայացուցիչներին հավաքել մեկ սենյակում` երկխոսություն սկսելու համար, ինչը կնպաստի հակամարտության կարգավորմանը»:
Հիշեցնենք, որ «Եվրոնեսթ»-ը բաղկացած է Եվրախորհրդարանի 60 անդամներից և «Արևելյան գործընկերների» 5 երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա) խորհրդարանների 10-ական ներկայացուցիչներից: «Եվրոնեսթ»-ը ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» խորհրդարանական ձևաչափում համագործակցությունը զարգացնելու նպատակ է հետապնդում: