Այսուհետ, դիմորդները նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն ստանալու համար ընդունելության քննությունների չեն մասնակցելու:
Այս որոշումը մշակվել և հաստատվել է՝ ելնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1806-Ա/Ք հրամանով հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» դրույթներից:
Նախարարի թիվ 237-Ն հրամանով արդեն իսկ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2011 թ. ընդունելության կարգը»:
Այդ հրամանով մասնավորապես նախատեսվում է, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2011-2012 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է առանց ընդունելության քննությունների (բացառությամբ արվեստի ոլորտի մասնագիտությունների, որոնց գծով նախատեսված է մասնագիտական առարկաներից քննություն)` դիմորդների ավարտական փաստաթղթի գնահատականների հիման վրա: