Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մայիսի 4-ին Նյու Յորքից պաշտոնական այցով մեկնելու է Բուլղարիա, ուր հանդիպումներ է ունենալու նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, խորհրդարանի խոսնակի և պատգամավորների հետ: Բացի այդ, նա մասնակցելու է «Սոֆիայի պլատֆորմ» խորագրով կոնֆերանսին և ելույթ է ունենալու Սոֆիայի համալսարանում:
Բուլղարիայից Բան Կի Մունը մեկնելու է Ստամբուլ, որտեղ մայիսի 9-13-ը կայանալու է ՄԱԿ-ի ամենաթույլ զարգացած երկրների կոնֆերանսը: Դրան մասնակցելու են նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը:
Հիշեցնենք, որ կոնֆերանսին մասնակցելու են 50-60 երկրներ և մոտ 100 նախարարներ. հրավերներ են ուղարկվել նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: