Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի տնտեսության մեջ խիստ փոքր է կոոպերատիվի անդամների մասնաբաժինը (0.1%-ից պակաս), որը տարեցտարի նվազում է:
Տնային տնտեսություններն աշխատանքով ապահովել են ինքնազբաղվածներին (61.7%), առանց վարձատրության աշխատող ընտանիքի անդամներին (24.3%) և վարձու աշխատողներին (14.1%):
Տնային տնտեսություններում ինքնազբաղվածների (այսինքն` նրանք, ովքեր արտադրել են սեփական սպառման համար) մեծ թիվը Հայաստանի աշխատաշուկայում թափուր աշխատատեղերի սղության հետևանք է:
Արտադրական միավոր հանդիսացող տնային տնտեսություններում նմանօրինակ գործունեությունը տնտեսության պարենային և ոչ պարենային ծախսերը կրճատելու լրացուցիչ աղբյուր է:
Ավելին` այս գործունեությունն առավել հաճախ իրականացվում է որպես երկրորդ (21.4%), քան թե հիմնական աշխատանք (9.4%):
Այսպիսով` ԱՎԾ-ն ենթադրում է, որ տնային տնտեսություններն արտադրելով բացառապես իրենց սեփական սպառման համար` փորձում են խուսափել աղքատությունից: