Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարել Ուսամա բեն Լադենի սպանությանը.
«Բեն Լադենն այն ցանցի ղեկավարն էր, որը համայն աշխարհում փոխեց «ահաբեկչական սպառնալիք» արտահայտության ընկալումը: Դրա համար էլ խոսքը գնում էր ոչ թե որևէ առաջնորդի կամ կոնկրետ անձի, այլ` միջազգային ահաբեկչության ֆենոմենի դեմ պայքարի մասին:
Այսինքն` գլխավոր նպատակը շարունակում է մնալ նույնը: Ես կարծում եմ, որ միջազգային կոալիցիան Աֆղանստանում կշարունակի իր գործունեությունը, և Վրաստանը կշարունակի մասնակցել ահաբեկչության դեմ պայքարում կոալիցիայի, առավել ճշգրիտ` միջազգային հանրության ջանքերին: Այսուհետ միջազգային հանրությունն այդ պայքարում նույնպիսի ակտիվություն կդրսևորի, ինչպես որ մինչ այս էր»:
Հիշեցնենք, որ Բաքրաձեն Վրաստանի խորհրդարանի խոսնակ է դարձել 2008 թվականի հունիսի 7-ին: