Այն, որ Ուսամա բեն Լադենին վերացնելը ԱՄՆ համար գերակա խնդիր էր դարձել` բնական է, հաշվի առնելով 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, ամերիկյան հանրության պահանջը և ամերիկյան քաղաքական էլիտայի խոստումը: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Իհարկե, սա կարող է նաև հատուցում համարվել 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին:Այս առումով Բեն Լադենի մահը կարելի է և հատուցում համարել: Իսկ ընդհանուր առմամբ, գլոբալ խնդրով, թե սա ինչքանով անվտանգ կդարձնի աշխարհը, ապա ես մի քիչ ավելի իրատես եմ և չեմ կարծում, որ իսլամական էքստրեմիզմի դեմ պայքարը մեկ անձով է պայմանավորված: Ի վերջո, մենք գիտենք, թե իսլամական էքստրեմիզմի ցանցը ինչպես է տարածված ամբողջ աշխարհում, վերջին շրջանում նույն աֆրիկյան երկրներում, տարբեր երկրներում ծագող տարբեր կոնֆլիկտները հենց դրա վկայությունն է:
Հետևաբար, մեծ հաշվով, ես չեմ կարծում, որ սա մեկ կամ երկու անձի խնդիր է, այդ առումով սա ավելի մեծ խնդիր է:
Ուստի այն հարցի պատասխանը, թե աշխարհը ինչքանով կդառնա անվտանգ` չեմ կարծում, որ Ուսամա բեն Լադենին վնասազերծելը աշխարհն ավելի անվտանգ կդարձնի: Իհարկե, ինչ-որ առումով գաղափարախոսներից, լիդերներից մեկը պակասում է: Բայց մենք պետք է հասկանանք, որ այս չակերտավոր կռիվը մեծ առումով անձերով չէ պայմանավորված : Այնպես որ, դժվար է միանշանակ ասել, որ Ուսամա բեն Լադենի վնասազերծմամբ աշխարհն ավելի անվտանգ կդառնա»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքերով, սա ավելի շատ դիտում է սեպտեմբերի 11-ին և այն սպառնալիքներին պատասխան, որոնք կային Ալ-Քաիդայի կողմից:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Իսլամաբադից ոչ հեռու գտնվող բունկերում սպանվել է Ալ-Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենը: Նրա չեզոքացման գործողություններին մասնակցել է հատուկջոկատայինների փոքր խումբ, որին աջակցություն են ցուցաբերել Պակիստանի հատուկ ծառայությունները: