Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 6 մարզիկ փետրվարի 1-6-ը Մինսկում կմասնակցի Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարին: Հավաքականը կմեկնի մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ: Մինսկ կմեկնեն 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշայիններ Վլադիմիր Մարգարյանն ու Գոռ Երիցյանը, 91կգ քաշային կարգում՝ Հենրիկ Սարգսյանը, Ռաֆայել Սիմոնյանը, 81կգ`Նիկոլ Արությունովը:
Փետրվարի 22-29-ը հավաքականի 7 մարզիկներ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կմասնակցեն Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին: Այս մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ Սամվել Բարսեղյանը, 66 կգ Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ Արման Հովիկյանը, 91 կգ Նարեկ Մանասյանը, ինչպես նաեւ 51 կգ քաշային կարգում Անուշիկ Գրիգորյանը:
Այս 2 միջազգային մրցաշարերի արդյունքւմ որոշվելու է այն հավաքականի կազմը, որով հայ բռնցքամարտիկները Թուրքիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Ըստ էության, այս տարի վարկանիշային մրցաշարերը Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններն են: Ապրիլի 7-ին Թուրքիայում կսկսվի Եվրոպայի առաջնությունը: Որից հետո, մայիսին Բաքվում կմեկնարկի Աշխարհի առաջնությունը: «Քանի դեռ չմասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում չկա, ենթադրվում է, որ մեր բռնցքամարտիկները մասնակցելու են Բաքվի առաջնությանը: Ամեն դեպքում, դեռ ժամանակ կա»,- ասաց Երվանդ Հակոբյանը: