Պակիստանցի ծայրահեղական թալիբների «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» շարժումը սպառնում է մայիսի 11-ին՝ համընդհանուր ընտրությունների օրը, խոշոր ահաբեկչություններ կազմակերպել մահապարտների մասնակցությամբ՝ գրում է ITAR-TASS-ը:
Այս մասին նշված է ծայրահեղականների նամակում, որը այսօր տարածել են մի շարք տեղական ու արտասահմանյան ԶԼՄ-ներ:
Պակիստանի մի շարք քաղաքներում ընտրությունների օրը իրականացվելու են ահաբեկչական հարձակումներ՝ նպատակ ունենալով խափանել «հակաիսլամիստական» ընտրությունները՝ ասվում է պակիստանցի ծայրահեղականների տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք քայլեր կձեռնարկենք՝ ոչնչացնելու, այսպես կոչված, դեմոկրատական համակարգը, որը ղեկավարվում է մեր հավատից շեղվածների կողմից»,- սպառնացել են զինյալները:
Պակիստանում համընդհաւոր խորհրդարանական ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ՝ երկրում ուժեղանում է ահաբեկչական ակտիվությունը:
Դրա ֆոնին Պակիստանի իշխանությունները ձեռնարկում են արտակարգ միջոցառումներ՝ ապահովելու կայանալիք քվեարկության անվտանգությունը:










































