Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանն Իգդիրի քաղաքապետարանի հրապարակում մասնակցել է իր կուսակիցների բացօթյա ժողովին` անդրադարձ կատարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.
«Ղարաբաղն ու Նախիջևանը մեր խնդիրներն են: Ադրբեջանի ցավը մեր ցավն է, Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է: Այստեղ` Իգդիրիում, հերթական անգամ հայտարարում եմ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնարին է:
Ադրբեջանի ստեղծման օրվանից` մենք կանգնել ենք նրա թիկունքին և այդպես շարունակվելու է մշտապես: Այս հարցում ոչ ոք մեզանից այլ բան չպետք է ակնկալի:
Այս մասին հայ կամ հայամետ խորհրդարանականներն ինձ հարց ուղղեցին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, ես էլ նրանց անհրաժեշտ կերպ պատասխանեցի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Էրդողանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը, խոսել էր նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից.
«Թուրքական խորհրդարան ուղարկված հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի հաստատվել խաղաղություն: Ես այդ մասին պարզորոշ ասել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»: