Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության` նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների գնահատականի վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Հիշեցնենք` ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին երեկ հայտարարությամբ էր հանդես եկել, համաձայն որի` խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին: Պետքարտուղարությունն արձանագրել էր «լուրջ խնդիրներ» նախընտրական, ինչպես նաև հենց բուն ընտրական գործընթացի ժամանակ:
«Նոյեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը` կապված Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ, ընդունում ենք զարմանքով ու հիասթափությամբ», – ասված է Ադրբեջանի ԱԳ գերատեսչության տարածած հայտարարությունում: Տեքստում նշվել է, թե ԱՄՆ պետքարտուղարության` այս կամ այն երկրում անցկացված ընտրությունների վերաբերյալ գնահատականը, որպես կանոն, չի տարբերվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականից:
«Պետքարտուղարությունը հայտարարել է, թե նոյեմբերի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում «չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին»: Հայտարարությունում վկայակոչվում են այն եզրահանգումները, որոնց հանգել են ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունները, ԵԽԽՎ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ու Եվրախոհրդարանի առաքելությունները: Սակայն վկայակոչվող փաստաթուղթը չի պարունակում այն գնահատականը, որը տվել է Պետքարտուղարությունը», – ասված է տարածված հայտարարությունում:
Ադրբեջանական կողմը, որպես հիմնավորում, նշում է, թե դիտորդական առաքելությունները, մասնավորապես, դրական են գնահատել ընտրական գործընթացը` այցելած ընտրատեղամասերի 90 % -ում, ինչը խոսում է այն մասին, թե ընդհանուր առմամբ, ընտրություններն արժանացել են ժողովրդի վստահությանը: