Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55.89 տոկոսը, հետևաբար համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում:
ԿԸՀ նախնական արձանագրության համաձայն՝ 464 ընտրատեղամասերի տվյալների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 512 ձայնով` 55.89 տոկոս: ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով` 23.07 տոկոս: Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 732 քվեով` 8.48 տոկոս: «Հայ ազգային կոնգրես»-ը հավաքել է 18 հազար 499 ձայն` 4.39 տոկոս, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 15 հազար 999 ձայն` 3.80 տոկոս, «Օրինաց երկիր»-ը` 15 հազար 733 ձայն` 3.73 տոկոս, «Առաքելություն»-ը` 2692 հազար ձայն` 0.64 տոկոս:
Փաստորեն, խորհրդարանական ընտրություններից հետո ավագանու ընտրություններն առաջինն էին մեկ տարվա դադարից հետո, երբ ընտրություններին մասնակցեցին ոչ իշխանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: Խորհրդարանական և երևանյան ընտրություններում այս ուժերի ստացած ձայները համեմատելը հետաքրքրական է, որովհետև քաղաքական փորձագետներից շատերն էին կանխատեսում, թե քաղաքական ուժերը, չմասնակցելով համապետական՝ նախագահական ընտրություններին, ընտրազանգված և ռեսուրսի որոշակի հատված կկորցնեն:
Պարզվում է, որ որոշ քաղաքագետների կանխատեսումները բավականին դիպուկ էին: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2.523.101 ՀՀ ընտրողներից ԲՀԿ-ի օգտին էր քվեարկել 454.673-ը ողջ հանրապետությունում, որից Երևանում թիվ 1 ԸՏ (Երևան, Ավան) ԲՀԿ-ն ստացել էր 7 հազար 495 քվե, թիվ 2 ԸՏ (Երևան, Նոր Նորք)՝ 13 հազար 271 քվե, թիվ 3 ԸՏ (Երևան, Քանաքեռ-Զեյթուն)՝ 11 հազար 413 քվե, թիվ 4 ԸՏ (Երևան, Արաբկիր)՝ 8 հազար 525 քվե, թիվ 5 ԸՏ (Երևան, Դավիթաշեն)` 8 հազար 588 քվե, թիվ 6 ԸՏ (Երևան, Աջափնյակ)` 9 հազար 91 քվե, թիվ 7 ԸՏ (Երևան, Մալաթիա-Սեբաստիա)` 7 հազար 377 քվե, թիվ 8 ԸՏ (Երևան, Մալաթիա-Սեբաստիա)` 8 հազար 93 քվե, թիվ 9 ԸՏ (Երևան, Կենտրոն)` 8 հազար 353 քվե, թիվ 10 ԸՏ (Երևան, Կենտրոն)` 7 հազար 843 քվե, թիվ 11 ԸՏ (Երևան, Շենգավիթ)` 10 հազար 477 քվե, թիվ 12 ԸՏ (Երևան, Շենգավիթ)` 13 հազար 662 քվե, թիվ 13 ԸՏ (Երևան, Էրեբունի)` 10 հազար 329 քվե:
Այս տվյալները գումարելով՝ ստացվում է, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին Երևան քաղաքում ԲՀԿ-ի օգտին քվեարկել էր 124.517 մարդ: Այս արդյունքը համեմատելով երեկ երևանյան ընտրություններում ԲՀԿ ստացած ձայների հետ՝ ստացվում է, որ 2012 մայիսի 6-ից 2013-ի մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ԲՀԿ-ն կորցրել է 27.328 ձայն:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































