«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Վայոց ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ կապված քրեական գործի նյութերը Ոստիկանությունը ուղարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն:
Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ս. Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը: Մեր տեղեկություններով՝ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի իրացումից ստացված շուրջ 10 միլիոն դրամի յուրացումը:
«Առաջին լրատվական»-ին Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ ստացված նյութերն իրենք ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ը նաև տեղեկացրել էր, որ Սերգեյ Բագրատյանը, դեռևս անցած տարի թողնելով Վայոց ձորի մարզպետի պաշտոնը, ակտիվորեն սկսել է բիզնես-գործունեություն ծավալել:










































