Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը այսօր կստորագրի ներքաղաքական կարգավորման ծրագիրը, որն առաջարկել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը: Նախատեսվում է, որ հաջորդ օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում այդ փաստաթղթի տակ կստորագրի նաև Եմենի ընդդիմությունը:
Այս մասին քիչ առաջ հաղորդել է Al-Arabia հեռուստաալիքը:
Ծրագրով նախատեսվում է, որ Ալի Սալեհը իր պաշտոնը կլքի առաջիկա 30 օրերի ընթացքում` ստանալով անձնական անձեռնմխելիություն: Այդ ընթացքում պետք է ձևավորվի անցումային ազգային միասնության կառավարություն` ընդդիմության գլխավորությամբ: Դրանից հետո նոր կառավարությունը կկազմակերպի նախագահական ընտրություններ: Բացի այդ, ընդդիմությունը պետք է պարտավորվի այդ ընթացքում չկազմակերպել բողոքի ակցիաներ:
Այդուհանդերձ, այսօր Եմենում հարյուր հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոց: Մի կողմից ընդդիմության համախոհներն են, որոնց երթը ձգվում է 5 կմ: Նրանք պահանջում են չհամաձայնել վերնոնշյալ ծրագրի հետ և Սալեհի անհապաղ հրաժարական: Իսկ մյուս կողմից` Սալեհի կողմնակիցներն են, որոնք վանկարկում են. «Չհեռանա՛ս, մենք քեզ հետ ենք…»:










































