Ռուսաստանի ԱԻՆ որոնողափրկարարական Հարավային ջոկատի աշխատակիցները երկրորդ օրն է՝ ծովում փնտրում են ծնունդով Հայաստանից երիտասարդին, որը գնացել է Սոչիի Դագոմիս շրջանի ծովափ՝ լողալու, և կորել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
Կորած հայ երիտասարդին որոնելու խնդրանքով փրկարարներին դիմել է ոստիկանը: Նրա խոսքերով՝ տագնապ հնչեցրել են այն բանից հետո, երբ 22-ամյա երիտասարդը գնացել է լողալու և մեկ ժամվա ընթացքում չի վերադարձել ափին թողած իրերի մոտ:
Կիրակի փրկարարները որոնողական աշխատանքներ են անցկացրել Դագոմիսի ծովափի երկայնքով, իսկ երկուշաբթի որոնման գոտին ընդլայնվել է:
Գործողությանը մասնակցում են փրկարարական ջոկատի հինգ աշխատակիցներ: