Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Facebook սոցիալական ցանցը թագավորական հարսանիքի նախօրեին որոշել է արգելափակել մի քանի տասնյակ օգտատերերի հաշիվներ: Բացի այդ, փակվել են նաև սոցիալական ցանցում այն խմբերը, որոնք այս տարվա մարտին կոչ էին անում հակակառավարական ցույցեր կազմակերպել Մեծ Բրիտանիայում:
Թերթը նշում է, որ դեռ պարզ չէ, թե քանի օգտատիրոջ հաշիվ է փակվել: Սակայն Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը հերքում է որևէ հաշվի փակման փաստը: Տեխնիկական պատասխանատուները նշել են, որ հաշիվները ժամանակավոր են արգելափակվել, քանի որ դրանք պատշաճ կերպով գրանցված չեն եղել: Նրանք հավելել են, որ այդ քայլը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի ունեցել և որևէ կապ չունի Ուիլյամի և Քեյթի հարսանեկան արարողության հետ:
«Առաջին լրատվականը» նաև տեղեկացրել էր, որ հարսանիքից մի քանի օր առաջ Facebook-ը սկսել էր արգելափակել բոլոր նրանց հաշիվները, ովքեր ունեին Քեյթ Միդլթոն անունը: Միայն այն բանից հետո, երբ այդ կանայք ներկայացնում էին իրենց անձը հաստատող փաստաթղթեր, իրավունք էին ստանում վերականգնելու իրենց հաշիվները: