Intel կորպորացիայի նոր գլխավոր տնօրեն կդառնա Բրայան Կրժանիչը, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ 52-ամյա Կրժանիչը մայիսի 16-ին կայանալիք բաժնետերերի հերթական ժողովին, կփոխարին Փոլ Օտելինին, որը վերջին ութ տարիներին զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոնը: Ընկերության նոր նախագահ կդառնա Ռենե Ջեյմսը:
Օտելինին ընկերությունից հեռանում է սեփական ցանկությամբ։ Այս մասին նա հայտարարել էր դեռևս 2012 թ. նոյեմբերին:
Կրժանիչը Intel-ում իր կարիերան սկսել է 1982 թ.: Նախորդ տարվանից նա զբաղեցնում է ընկերության օպերացիոն տնօրենի պաշտոնը:
Փորձագետները նշում են, որ Կրժանիչն Intel-ի գլխավոր տնօրեն է դառնում ընկերության համար բարդ ժամանակաշրջանում: Երկար ժամանակ Intel-ն առաջատար է եղել անձնական համակարգիչների համար միկրոպրոցեսորների արտադրության ոլորտում, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ անձնական համակարգիչների վաճառքը նվազում է, փոխարենը բարձրանում է սմարթֆոնների և պլանշետների պահանջարկը՝ ընկերությանն անհրաժեշտ է կրկին ապացուցել իր առաջնայնությունը մրցակիցների նկատմամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Intel-ի նախագահ և գլխավոր տնօրեն Օտելինին հրաժարական կտա 2013 թ, մայիսին: Նա կորպորացիայում աշխատել է շուրջ 40 տարի:











































