Երեւանում ընթացող «Արդար դատաքննություն եւ դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան սեմինարի ժամանակ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանն առաջարկել է մասնակիցներին իրենց վերաբերմունքն արտահայտել Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած պիկետի ժամանակ դրսում կատարվող իրադարձությունների մասին եւ ընդունել հայտարարություն: Սեմինարի մասնակից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համանախագահ Նատալյա Մարտիրոսյանը «Առաջին լրատվականին» տեղեկացրեց, որ հայտարարության ներքո ստորագրել են հայաստանյան տասնմեկ կազմակերպություններ: «Այլ երկրների ներկայացուցիչները երեւի հարցի կարեւորությունը չեն ընկալել կամ էլ ցանկություն չունեցան միանալ այս մեղմ, ես կասեի` հումանիտար բնույթի հայտարարությանը: Իսկ հայտարարության մեջ մտահոգություն է արտահայտված պիկետի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնության մասին»,- տեղեկացրեց Նատալյա Մարտիրոսյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ սեմինարի մասնակիցները իրազեկված են պիկետի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների, Ոստիկանություն երիտասարդ ակտիվիստներին բերման ենթարկելու փաստերի մասին: Պարզվում է, սակայն, որ սեմինարը վարողը հայտարարել է, որ այդ ամենը քննարկվող թեմայի հետ այնքան էլ առնչություն չունի: «Սեմինարի կազմակերպիչները մեզ խնդրեցին դուրս չգալ թեմայի քննարկման շրջանակից»,- ասաց նա: