Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Կովկասի հարցերով վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն մեկնաբանել է ռուսաստանցի փորձագետ Հեյդար Ջեմալի այն հայտարարությունը, թե Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստվում իրականացնել Ադրբեջանում.
«Անհնարին է պատկերացնել, որ Վրաստանում որևէ չինովնիկ կարող է հեղաշրջում նախապատրաստել Ադրբեջանում, քանի որ դա հակասում է ոչ միայն վրաց-ադրբեջանական ռազմավարական համագործակցությանը, այլև` առողջ դատողությանը:
Ես լավ եմ ճանաչում Հեյդար Ջեմալին և զարմացած եմ նրա հնչեցրած հայտարարությունից: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է նա հանդես եկել նման հայտարարությամբ: Այդ ամենն ինձ համար լիովին առեղծված է:
Ես կարծում եմ, որ Վրաստանի անվտանգության խորհրդի նախագահ Բոկերիայի անվան շոշափումն ամենևին էլ պատահական չէ: Ժամանակին նա երիտասարդական կազմակերպություններ է հիմնել` Էդուարդ Շևարդնաձեի ռեժիմի տապալման համար: Սակայն այն ժամանակ նա ընդամենը հասարակական կազմակերպության ղեկավար էր, մինչդեռ այսօր ներկայացնում է իշխանությունը:
Ջեմալի հայտարարությունը չի համապատասխանում այսօրվա իրողություններին»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում պետական հեղաշրջման մասին իր հայտարարության մեջ Ջեմալը տվյալ գործի նախապատրաստման պատասխանատվությունը դրել էր հենց Բոկերիայի վրա: