Մերձդնեստրի մաքսային ծառայողների ու մոլդովացի ոստիկանների միջև շաբաթ օրը Բենդերի քաղաքի մոտակայքում գտնվող Գուրա-Բիկուլույ գյուղի մոտ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մերձդնեստրում խաղաղապահ օպերացիաները ղեկավարող Միացյալ վերահսկիչ հանձնաժողովի Տիրասպոլի ներկայացուցչին:
Նրա խոսքերով՝ սա մեկ օրում արդեն երկրորդ միջադեպն է: Հակամարտության պատճառ են դարձել մերձդնեստրյան մաքսային շարժական դիրքերում ծառայողների հանգստի համար նախատեսված վագոնները: Շարժական դիրքերը կոչված են պայքարելու սպիրտի մաքսանենգության դեմ։
Ուրբաթ լույս շաբաթ գիշերը վագոնները հայտնվել էին Բենդերիի «Հյուսիսային» միկրոշրջանում: Շուտով այնտեղ էին հայտնվել մոլոդովացի ոստիկանները, որոնք պահանջել էին հեռացնել վագոնները, և սկսվել էր ծեծկռտուքը:
Դրանից հետո շաբաթ ցերեկը նույնօրինակ իրավիճակ էր ստեղծվել արվարձաններից մեկում:
Խաղաղարար ուժերը ներկայում վերահսկողության տակ են պահում իրադրությունը:











































