«Մինչ օրս Վրաստանը թշնամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, քանզի Ռուսաստանը չի կատարել 2008 թ. կնքված համաձայնագրի և ոչ մի կետը: Իսկ վրացական խորհրդարանի վերջին որոշումը անկասկած օրինաչափ քայլ է և համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին»,- ռուսական ռազմական տրանզիտը փակելու վերաբերյալ վրացական խորհրդարանի որոշման մասին խոսելով՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց վրաց քաղաքագետ Լևան Ուրուշաձեն:
Քաղաքագետը նկատեց, որ Հայաստանը, Ռուսաստանի հետ սերտ ռազմական հարաբերություններ ունենալով, ճիշտ քաղաքականություն չի վարում. «Հայաստանի իշխանությունները մոլորության մեջ են, եթե համոզված են, թե Ռուսաստանը երբևէ կարող է լինել Հարավային Կովկասի անվտանգության և խաղաղության երաշխավորը: Ռուսաստանը ապահովում է միմիայն իր երկրի անվտանգությունը»:
Վրաց քաղաքագետը նկատեց, որ Վրաստանի խորհրդարանի որոշումը որևէ կապ չունի հայ-վրացական հարաբերությունների հետ, քանզի Հայաստանը և Վրաստանը անկախ պետություններ են և հարևաններ:
Ինչ վերաբերում է վրաց պաշտոնյաների Հայաստան այցելությունների ակտիվացմանը, Ուրուշաձեն նշեց, որ այդ այցերը պայմանավորված են երկկողմ հարաբերություններով: Այդուամենայնիվ, քաղաքագետը չբացառեց, որ թե՛ Վրաստանի պաշտպանության նախարարի և թե՛ արտգործնախարարի այցելությունների ժամանակ Հայաստանի իշխանությունների հետ քննարկվելիք հարցերից մեկն էլ եղել է հենց վրացական խորհրդարանի այդ որոշումը: