ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վարքը պարզապես «ամոթալի» է, մինչդեռ իսկական վտանգ է ներկայացնում ֆրանսիական ուլտրաաջ կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը, որը կարող է ամբողջովին շրջել Եվրոպայի քաղաքականությունը: Այս մասին գրում է Financial Times թերթը:
Մարին Լե Պենը ազգայնական կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Ժան-Մարի Լե Պենին. մեղմացնելով նրա ակնհայտորեն ռասիստական հռետորաբանությունը՝ նա ակնկալում է 2017թ. նախագահ դառնալ: Իր «կեղծ հայրենասիրական» գաղափարախոսության միջոցով նա պատրաստվում է հարվածել ոչ թե հրեաներին, այլ մուսուլմաններին՝ կարծում է հոդվածագիրըը:
Միաժամանակ, փարիզյան ահաբեկչություններից ծնված ֆրանսիացիների վախը միայն օգնում է նրան՝ հասնելու իր նպատակներին: Իսկ դժգոհությունը Իրաքից, Սիրիայից և Աֆղանստանից փախստականների հոսքից իսկական «նվեր է» նրա կուսակցության համար, որն իսլամը կապում է ահաբեկչության հետ: Մի քանի տարվա գործազրկության, լճացման և միգրանտների հոսքից հետո գլոբալիզացիան խթան է դարձել ագրեսիվ ազգայնականության աճի համար:
Այդ ֆոնին Մարին Լե Պենի գլխավոր հաղթաթղթերը դառնում են վախը և նախապաշարումները՝ նշում է պարբերականը: Նա դեռ չի դարձել երկրի ղեկավար, բայց ինքնին փաստը, որ դա հնարավոր է, պետք է զգաստացնի: Ըստ հոդվածագրի՝ նրա հռետորաբանությունը, որը քաղաքացիներին համոզում է ներքին և արտաքին թշնամու դեմ ոտքի կանգնելու անհրաժեշտության հարցում, իսկապես վտանգավոր է Եվրոպայի համար: