Ազգայնականության ծաղկումը Ֆրանսիայից մինչև Լեհաստան կարող է հանգեցնել Եվրոպայում լիբերալ ժողովրդավարության անկման: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նշվում է, որ տարածքային ընտրություններում հաղթանակից հետո Մարին Լե Պենի «Ազգային ճակատը» հաստատվել է որպես Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցություն: Հոդվածագիրը կուսակցության ղեկավարի քաղաքականությունն անվանում է «պրոֆեսիոնալ կերպով մաքրված ֆաշիզմ» և վստահություն է հայտնում, որ 2017 թ. Լե Պենը կառաջադրվի նախագահի պաշտոնում:
Միաժամանակ պարբերականը նշում է, որ Ֆրանսիան միակ երկիրը չէ, որտեղ բարգավաճում են ազգայնական տրամադրությունները: Մինչ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փորձում է արգելել կառավարության քննադատությունը հանուն «հանրային բարոյականության», Լեհաստանում աջ «Իրավունք և արդարություն» կուսակցությանը հաջողվել է իշխանության գլուխ գալ: The Guardian-ի հոդվածագիրն այդպիսի միտումները բացատրում է Եվրոպայում ֆինանսական անկայունությամբ, նաև քաղաքացիներից իշխող էլիտաների կտրվածությամբ: