Համաձայն Եվրախորհրդարանի զեկույցի` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը գիտնականների է հավաքագրում (ֆիզիկոսներ, քիմիկոսներ և ծրագրավորողներ), որոնց խնդիրներից է, ըստ փորձագետների, զանգվածային ոչնչացման զենքի մշակումը ապագա գլոբալ ահաբեկչությունների համար: Այս մասին գրում է գերմանական Die Welt պարբերականը:
«ԴԱԻՇ-ը հարյուրավոր մարդկանց է հավաքում արտասահմանից, այդ թվում` արևմտյան բուհերի շրջանավարտների` ֆիզիկոսների, քիմիկոսների և ծրագրավորողների, որոնք, ինչպես կարծում են փորձագետները, կարող են մահաբեր զենք պատրաստել հասարակ իրերից»,- հայտարարել է Եվրախորհրդարանի վերլուծաբան Բեատրիս Իմենքամփը:
Նշվում է, որ ահաբեկիչների նոր քայլը կարող է դառնալ ահաբեկչությունը, որտեղ կկիրառվեն կենսաբանական, միջուկային և քիմիական զենք` վտանգավոր նյութեր պարունակող ինքնաշեն ռումբեր:
Ըստ մասնագետների` ամենաշատը վտանգ են ներկայացնում այնպիսի նյութեր, ինչպիսիք են զարինը, ռիցինն ու սիբիրյան խոցը:









































