Անչափահասների իրավախատումների հետ իրականացվող կանխարգելիչ և վերականգնողական աշխատանքեր կատարելու նախաձեռնությամբ այսօր կլոր սեղան էր հրավիրվել World Vision կազմակերպության հայաստանյան գրասենյակի, ոստիկանության և արդարադատության նախարարության հետ համատեղ: Քննարկման նպատակն էր անչափահաս իրավախախտների շրջանում կանխարգելիչ աշխատանքներ և քննարկումները իրականացնելն ու խնդիրի լուծման հեռանկարներ գտնելը:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության 2 բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը նշեց, որ ամենօրյա աշխատաքներ են տարվում վատ ճանապարհ ընտրած երեխաներին ժամանակին հայտնաբերելու և ճիշտ ճանպարհի կանգնեցնելու ուղղությամբ: Իսկ ոստիկանության կողմից երեխաների պաշտպանությանն ուղղված միջոցառումների ցանկը, ըստ Նելլի Դուրյանի, մեծ է: «Անչափահասների կողմից կատարված հանցագործությունները վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ հիմնական պատճառը մեկն է՝ ծնողը զլանում է հետևել երեխային, զերծ պահել նրան վատ շրջապատի ազդեցությունից և լուծել երեխայի զբաղվածության հարցը»,- ավելացրեց Նելլի Դուրյանը:
Այսպիսով, ոստիկանության տվյալներով, կատարված ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տվել, որ վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունները 2007-2010 թ. ընթացքում հետևյալ պատկերն ունեն.
2007 թ.` 563 դեպք, որոնք կատարվել են 366 անչափահասի կողմից:
2008 թ.` 536, որոնք կատարվել են 286 անչափահասի կողմից։
2009 թ.` 532, որոնք կատարվել են 471 անչափահասի կողմից։
2010 թ.` 511, որոնք կատարվել են 452 անչափահասի կողմից։
«Միաժամանակ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարվա կտրվածքով միջինում հանցագործություն կատարած 400 անչափահասներից միայն 40-ն են պատիժը կրում անչափահասների գաղութում, ապա ակնհայտ է, թե որքան կարևոր են իրավախախտ անչափահասների հետ իրականացվող ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վերականգնողական բնույթի աշխատանքները:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանցագործություններ կատարող անչափահասների ծնողներից շատերը ի վիճակի չեն լինում նրանց դաստիարակել կամ ճիշտ ուղու վրա կանգնեցնել: Իսկ հանրակրթական դպրոցների հնարավորությունները այս խնդրում բավարար չեն»,- ընդգծեց Նելլի Դուրյանը և ավելացրեց, որ ոստիկանության կողմից, որպես միջանկյալ օղակ, առաջարկվել է 14-15 տարեկան, արական սեռի դժվար դաստիարակվող իրավախախտ և հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար հատուկ ուսումնադաստիարակչական վերականգնողական հաստատություն ստեղծել: Այս առաջարկը բազմիցս ներկայացվել է ոստիկանության կողմից, սակայն առ այսօր հարցը մնացել է բաց: «Մենք ունենք հանցագործներ որոնք ունեն հատուկ մանկավարժական, հոգևոր, դաստիարակչական մոտեցման կարիք:
Այս ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ։ 2007-2010 թթ. ՀՀ-ում բացվել են անչափահասների համար նախատեսված, նախադեպը չունեցող համայնքային վերականգնողական կենտրոններ: Այդ կենտրոնները բացվել են ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ: Վերոհիշյալ կենտրոններում ոստիկանը, հոգեբանը, հոգևորականները դաստիարակչական աշխատանքներ են տանում անչափահասների հետ: Կա 7 կենտրոն և 8-րդը շուտով կբացվի»,- լրացրեց Նելլի Դուրյանը: