ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով, եթե, իհարկե, ԱԺ-ն հաստատի, նախատեսվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայի «պետական» բառից հետո լրացնել «տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը:
Ներկայումս 314-րդ հոդվածի առաջին մասում որպես պաշտոնեական կեղծիք իրականացնող սուբյեկտներ դիտվում են՝ մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք, պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության զինված ուժերում, Հայաuտանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնoրինչական, վարչատնտեuական գործառույթներ իրականացնող անձինք: Փաստորեն, երբ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրվում է «պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձ» հասկացությունը, դրանով իսկ նեղացվում է «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակը, որովհետև այդ շրջանակից դուրս են մնում տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց կազմակերպություններում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնoրինչական, վարչատնտեuական գործառույթներ իրականացնող անձինք:
ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ, բնակիչների բարօրության նպատակով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Ելնելով վերոհիշյալ սահմանադրական սկզբունքից` Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը երաշխավորում է տեղական ինքնակառավարման և դրա մարմինների կազմակերպական առանձնացումը պետության կառավարման համակարգում: Մասնավորապես, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 70-րդ հոդվածն ուղղակի ամրագրում է. «Տեղական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման մարմինների մասը չեն: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումը պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ Սահմանադրությամբ և սույն օրենքով:
Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմիններն ընդգրկված չեն պետական իշխանության մարմինների թվում: Հետևաբար, ի տարբերություն տարածքային կառավարման մարմինների, դրանք չեն կարող դիտվել պետական համակարգի կառուցվածքային ստորաբաժանումներ: Այդ պատճառով 314-րդ հոդվածում ամրագրելով միայն «պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ» հասկացությունը՝ օրենսդիրն այդ շրջանակից դուրս է թողել տեղական ինքնակառավարման մարմնում պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանց:
Նախագիծն ամփոփվում է օրենքը գործողության մեջ դնելու կանոնների շարադրանքով, որով լուծվում են ապաքրեականացված արարքների համար նշանակված պատժից ազատելու և դրա հետ կապված դատվածությունը վերացնելու կանոնները, վերոհիշյալ օրենքն ուժի մեջ մտնելու հետևանքով գործող օրենսգրքի և արված փոփոխությունների համաձայն պատժի չափերը համապատասխանեցնելու կարգը, պատիժ կրող կամ պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, դատարանների դատավճիռները և քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերի վերանայման կարգը և այլն:











































