
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը
– Պարոն Սարգսյան, ի՞նչ իրավիճակում է հայտնվել Հայաստանը ռուս-թուրքական այս հակամարտության արդյունքում: ՌԴ-ում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող նախագիծ են ներկայացնում Պետդումա, Թուրքիան հակադարձում է, թե Լեռնային Ղարաբաղում ճակատ կբացի: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարում է «անել հնարավոր ամեն բան՝ ազատագրելու Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անմիջապես մեկնում է Բաքու:
– Պարզ է մի բան. կոնֆլիկտը, որն առաջացավ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև, այլ երկրներին էլ է ստիպում ներքաշվել և օգտագործել տարբեր գործոններ: Եվ եթե ՌԴ-ն այդպես ցուցադրաբար բարձրացնում է Ցեղասպանության հարցը, բնական է, որ Թուրքիան էլ պետք է հիշեր Ղարաբաղի հարցը՝ փորձելով կողմերին ներքաշել իրենց հակամարտության մեջ: Սա առաջին հերթին շանտաժ է, բայց դա արդեն նշանակում է, որ երկու կողմից էլ փորձում են Հայաստանը ներքաշել այդ հակամարտության մեջ: Եվ դա բարդ իրավիճակ է ստեղծում ՀՀ-ի համար՝ նկատի ունենալով ՀՀ-ի ու ՌԴ-ի ռազմավարական հարաբերությունները, կապվածությունը միմյանց հետ: Հայաստանը չուզելով՝ ակամայից կողմ է դառնում:
– Փաստորեն, հայկական հարցը նորից շահարկման առարկա է դառնում հայ-թուրքական հարաբերություններում, և Հայաստանը կրկին հայտնվում է ռուս-թուրքական հակամարտության կիզակետում:
– Չի կարող չհայտնվել, քանի որ տարիներ շարունակ ՌԴ-ի հետ վարել է միակողմանի քաղաքականություն: Հիմա արդեն դա մեծ խնդիրներ է առաջացնում: Այս պահին չենք կարողանում հրաժարվել այդ քաղաքականությունից, հակառակը՝ միասնական հակաօդային պաշտպանություն ստեղծելու ցանկությամբ այդ հարաբերություններն ավելի են խորացվում: Հայաստանը թույլատրեց, որ ՌԴ-ն հակաօդային պաշտպանության սարքերը օգտագործի ՀՀ տարածքում հենց իր՝ ՌԴ-ի տարածքից: Իհարկե, արդեն նոր իրավիճակ է ստեղծվել այս տարածաշրջանում, և ՀՀ-ն ավելի խորն է ներգրավվում այդ գործընթացների մեջ, ինչը մեծ վտանգներ է պարունակում:
– Ձեր կարծիքով՝ Հայաստանը կարո՞ղ է չեզոք դիրք գրավել, չներգրավվել այդ հակամարտության մեջ ու հնարավորինս հեռու լինել վտանգներից:
– Դա պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե ինչ գործընթացներ տեղի կունենան: Դիրքորոշման խնդիր է: Ինչ է նշանակում՝ մի կողմ քաշվել: Դա հո միայն Հայաստանից չի՞ կախված: Եթե Ադրբեջանին ներքաշում են այդ հակամարտության մեջ, պարզ է, որ դա անմիջապես կազդի նաև մեզ վրա վրա: Նոյեմբերի 16-ին Թուրքիայում G20 գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը հրավիրեց նաև Ալիևին մասնակցելու քիչ է, վերջինս ելույթ ունեցավ ու պահանջեց, որ Հայաստանը մտցվի տեռորիստական կազմակերպությունների ցանկում: Սա մի՞թե չի ազդում Հայաստանի վրա: Իհարկե, ազդում է: Կարևորն այն է, որ կարողանաս հասկանալ գործընթացները և ճիշտ դիրքորոշում ընդունես: Սխալ որոշումներ կայացրիր՝ խնդիրների առաջ կկանգնես, ինչպես Թուրքիան արեց:
Ամբողջ աշխարհը հիմա խոսում է այն մասին, թե ինչու խփեց ինքնաթիռը: Թուրքիան այլ բան էր մտածում, բայց ընկան բարդ վիճակի մեջ: Հիմա Թուրքիայի նախագահը վազվզում է և ուզում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել:
– Թուրքիան ի՞նչ էր պլանավորում՝ կործանելով ռուսական ինքնաթիռը:
– Ամեն ինչ անում էր, որ Իսլամիստների դեմ չստեղծվի ռուս-արևմտյան ընդհանուր կոալիցիա: Արևմուտքի ու ՌԴ-ի միջև սեպ խրելու քաղաքականություն է տանում, քանի որ ստեղծված վիճակը ձեռնտու չէ իրեն: Չէ՞ որ Փարիզի դեպքերից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ արեց ՌԴ-ի հետ միասին միասնական կոալիցիա ստեղծել: Եվ նա ԱՄՆ գնաց համոզելու, ՌԴ եկավ համոզելու: Իսկ եթե կոալիցիա ստեղծվի, դրա որոշումները պետք է Թուրքիան էլ ընդունի, չէ՞: Իսկ Թուրքիան աշխարհից պահանջում է, որ քրդական կազմակերպություններն ընդունվեն որպես տեռորիստական, ինչը չի ընդունում ոչ միայն ՌԴ-ն, այլև ԱՄՆ-ը: Բայց եթե նման կոալիցիա ձևավորվի, քրդերը կդառնան դրա մասը: Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը մի դիրքորոշում ունեն և հակասության մեջ են գերտերությունների, Իրանի հետ:
Թուրքիան խփեց ինքնաթիռն ու անմիջապես դիմեց ՆԱՏՕ-ին: Պարզ երևում է, որ նրա նպատակը ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև կոնֆլիկտ ստեղծելն էր: Վ.Պուտինն էլ է այդ մասին հայտարարել:
– Բայց չէ՞ որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ ՌԴ-ն է մեղավոր իր ինքնաթիռի կործանման համար, որ ՌԴ-ն չպետք է հատեր Թուրքիայի սահմանը:
– ՆԱՏՕ-ի համար շատ բարդ վիճակ է ստեղծվել. այդ կառույցի անդամ երկրները դեմ էին Թուրքիային պաշտպանելուն, դրա համար էլ միայն գլխավոր քարտուղարի շուրթերով նման հայտարարություն արվեց: Եվ իզուր չէ, որ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարն անմիջապես կրկնեց Վ.Պուտինի խոսքերը: Եվ իզուր չէ, որ ԱՄՆ բանակի գեներալն էլ նույնը կրկնեց: Այսինքն՝ և՛ ՆԱՏՕ-ն, և՛ ԱՄՆ-ը հայտարարել են իրենց ոչ պաշտոնական, բայց ռեալ դիրքորոշումը: Եվ պարզվեց, որ ՆԱՏՕ-ն էլ Թուրքիայի համար չի կռվի: Այդպիսով Թուրքիան ՆԱՏՕ-ի համար խնդիրներ է ստեղծել: Հատկապես որ Ֆրանսիան առաջինն ինքն է ՌԴ-ին ձեռք մեկնում: Դրա համար էլ Էրդողանը հասկացավ, որ բարդ վիճակում է հայտնվել, և հիմա հայտարարում է, թե չեն իմացել, որ ինքնաթիռը ռուսական է, որ ուզում են Պուտինին տեսնել և այլն:
– Իսկ հնարավո՞ր է, որ այս օրերին Թուրքիան Ադրբեջանին մղի դիվերսիոն գործողություններ իրականացնել հայկական սահմաններին:
– Ամեն ինչ էլ հնարավոր է: Հիմա Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա դուրս գալ իր ստեղծած փոսից: Ուզում է այնպես բարդացնել իրավիճակը, որ մյուս երկրները գան ու իր հետ խոսեն: Իսկ ՌԴ-ն Սիրիայի հյուսիսում լայնածավալ գործողություններ է սկսել, որտեղ թուրքմեններ կան: Բառիս բուն իմաստով, ոչնչացնում է այդ գյուղերն ու քաղաքները և թուրքմեններին քշում Թուրքիա: Թուրքիան էլ իր հերթին է ուզում ցույց տալ, որ ռուսներին կանգնեցնելու համար Ղարաբաղի նկատմամբ քայլեր կիրականացնի:
– Ձեր կարծիքով՝ ռուս-թուրքական այս հակամարտությունը կարո՞ղ է շուտ հանգուցալուծվել, թե՞ այն երկար զարգացում կունենա:
– Սա դեռ սկիզբն է: ՌԴ-ն քրդական հարցում երբեք Թուրքիային չի պաշտպանի: Իսկ քրդերին զինում են և՛ ՌԴ-ն, և՛ Ամերիկան: Այս հակասությունը միայն կարող է զարգանալ: Հավանաբար շուտով կտեսնենք Իրանի ակտիվությունը: ՌԴ-ն արդեն համաձայնության է եկել այդ երկրին C-300 տալ, խոստացել են նորագույն միջուկային տեխնոլոգիաներ տալ: Միջազգային կոալիցիա կոչվածը նոր է ստեղծվում, և շուտով կերևա, թե ովքեր են թիրախները, ովքեր՝ կոալիցիայի անդամները: Իսկ կոալիցիոն այդ համագործակցությունը կոշտ է լինելու:
Լուսանկարը` civilnet.am-ի