Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, Բաքվում ավարտվել է Կասպիցի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով ստեղծված հատուկ աշխատանքային խմբի 28-րդ նստաշրջանը:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտնել է, որ գործընթացում նկատվել է որոշակի առաջընթաց, այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել: Որոշ վիճելի հարցեր հարթվել են, սակայն դեռևս բավական քանակությամբ չլուծված խնդիրներ կան:
Դրանք վերաբերում են Կասպիցի ջրային մակերևույթի օգտագործմանը, ազգային գոտիների սահմանագծմանը, Կասպից ծովում յուրաքանչյուր երկրի իրավունքին, ռազմական ու նավարկելի գործունեությանն առնչվող խնդիրները:
Նշվում է, որ աշխատանքային խմբի հաջորդ նիստը կայանալու է Մոսկվայում:
Հիշեցնենք, որ այժմ Կասպից ծովի կարգավիճակը կանոնակարգվում է ՌՍՖՍՀ-ի ու Պարսկաստանի միջև 1921 թվականի փետրվարի 26-ին ու ԽՍՀՄ-ի ու Իրանի միջև 1940 թվականի մարտի 25-ին կնքված պայմանագրերով: Դրանց համաձայն՝ Կասպիցում հաստատվել էին ազատ նավարկություն ու ձկնորսություն, բացառությամբ ափամերձ 10 մղոնանոց գոտուց, արգելվել էր ոչ կասպյան երկրների դրոշներ ունեցող նավերի նավարկությունը: Բացի այդ, Կասպիցը համարվել էր ԽՍՀՄ-ի ու Իրանի սեփականությունը:











































