Օրենսդրությամբ ամրագրված է, որ ՀՀ նախագահի աշխատավարձը 400 հազար դրամ է, Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը` 680 հազար դրամ, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորի աշխատավարձը` 300 հազար դրամ: ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների աշխատավարձը 600 հազար դրամ է: ՀՀ ԿԲ միջին աշխատավարձը, ըստ 2011 թ. բյուջեի, կազմելու է ամսական 438.4 հազ. դրամ, իսկ առավելագույն աշխատավարձը 1,5 մլն դրամ: Այդ 1.5 մլն դրամը, հավանաբար, հենց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի աշխատավարձն է:
ՀՀ մաքսային ծառայությունում միջին աշխատավարձը 2010 թ. գերազանցել է 315 հազար դրամը, իսկ առավելագույնը` 980 հազար դրամը, համապատասխանաբար` ՀՀ հարկային ծառայությունում 380 հազար դրամ և 774 հազար դրամ, ՀՀ ֆինանսների նախարարությունում` շուրջ 200 հազար և 730 հազար դրամ, ՀՀ քաղաքացիական ծառայությունում` 126 հազար դրամ և 822 հազար դրամ և այլն: Այսինքն` ՀՀ նախագահի աշխատավարձը (400 հազար դրամ) մոտ 4 անգամ ցածր է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի աշխատավարձից, և ավելի քան 2 անգամ` հարկային ու մաքսային համակարգերի առավելագույն աշխատավարձերից:
Ի դեպ, նշենք, որ առևտրային բանկերի գործադիր տնօրենների աշխատավարձերը (համարվում է առևտրային գաղտնիք), մեր տեղեկություններով, կազմում են ամսական 5-20 մլն դրամ` կախված բանկից: Այս տեսակետից ՀՀ ԿԲ նախագահի աշխատավարձը կարելի է ցածր համարել:









































