Աշխարհը թևակոխում է հակաահաբեկչական պայքարի մի փուլ, Ռուսաստանը ևս դառնում է այդ պայքարող երկրներից մեկը: Սա ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լարտվական»-ը զրուցեց միջազգայնագետ Աղասի Ենոքյանի հետ:
Աղասի Ենոքյանի դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում Հայաստանը համարում են շատ պրոռուսական երկիր, Ռուսաստանի հավելված. «Թեկուզ հիշենք մեր պատգամավորների նկատմամբ վերաբերմունքը ԵԽԽՎ-ում: Ես ուզում եմ, որ այդ ահազանգը միշտ հնչի մեզ համար, դա թուրքական ուղղաթիռների հատելն էր մեր սահմանը՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռների՝ թուրքական սահմանը հատելու: Այսինքն՝ Հայաստանն արդեն դիտարկվում է որպես ռազմաքաղաքական կցորդ, իսկ Հայաստանի սահմանը ընկալվում է որպես Ռուսաստանի սահման»:
Ըստ միջազգայնագետի՝ մենք այս ամեն ինչի հետևանքները կզգանք շատ արագ, հաշվի առնելով, որ Ռուսաստանի կցորդ համարվող Հայաստանի սահմանը Սիրիային ամենամոտ սահմանն է. «Չեմ կարծում, թե Ռուսաստանը մեր մասին շատ կմտածի: Անհրաժեշտ է, որ Հայաստանը լրջորեն պատրաստվի, իր ողջ ուժերը լարի այս պայքարին նախապատրաստվելու համար և հնարավոր ահաբեկչական գործողությունների դեմն առնելու համար»:
Մեր հարցին, թե արդյոք պատահական էր Բակո Սահակյանի հայտարարությունը, թե դա գուցեև ռուսական կողմի հորդորով էր արված, Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ դա արկածախնդրություն էր. «Իսկապես պետք է պատասխանատվություն ունենա երկրի ղեկավարը և նման հայտարարություններով հանդես չգա»:
«Հիմա Ռուսաստանը մանկական ոգևորությամբ սկսել է փորձարկել այն զենքերը, որ մինչ այժմ չէր փորձարկել,- նշեց մեր զրուցակիցը,- այս հակաահաբեկչական պայքարը ոչ միայն առաջիկայում ավելի մեծ ռազմական նկրտումների իրականացման համար է օգտագործում, այլ նաև փորձարարական: Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված առաջարկը ևս փորձարկում էր, տվյալ դեպքում քաղաքական փորձարկում՝ տեսնելու, թե Հայաստանում գլխի կընկնե՞ն, թե սա ինչ փորձանք է դառնալու իրենց գլխին, թե՞ ոչ:
Աղասի Ենոքյանը նշեց, որ մեր անվտանգությունը հիմնված երեք սյուների վրա, որոնցից մեկը մեր անվտանգության և պաշտպանական համակարգն է, երկրորդը՝ Ռուսաստանը և երրորդը՝ մեր համագործակցությունը Հյուսիսատլանտյան ռազմական բլոկի հետ. «Այս համալիրը մեր անվտանգությունն ապահովելու հնարավորություն կտա մեզ»: