ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է 25 միլիոն դոլար հատկացնել Լիբիայի ապստամբներին: Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, սա առաջին անգամ չէ, երբ ամերիկյան իշխանությունները հրապարակավ աջակցություն են հայտնում Մուամար Քադաֆիի հակառակորդներին:
Օբամայի հայտարարությունում նշվում է, որ պետքարտուղարությունը և Պենտագոնը մոտ ժամանակներում գումարներ կհատկացնեն, որոնք կուղղվեն Լիբիայի խաղաղ բնակչությանը օգնելուն, մասնավորապես` դեղամիջոցներ, սարքավորումներ, վրաններ, ռադիոընդունիչներ և սնունդ տրամադրելու համար: Սակայն որոշ վերլուծաբաններ նշում են, որ այդ մեծ գումարը կարող է օգտագործվել զենք և զինամթերք գնելու համար:
Հիշեցնենք, որ սկզբից ԱՄՆ-ն ակտիվ մասնակցում էր Լիբիայի ռեժիմի դեմ պայքարին: Հետո Պենտագոնը որոշում կայացրեց սահմանափակել այդ մասնակցությունը կոալիցիոն զորքերի անվտանգության ապահովմամբ, իսկ ռմբակոծություններին սկսեցին մասնակցել միայն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և որոշ արաբական երկրներ: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն երկու օր առաջ Լիբիա է ուղարկել երկու անօդաչու ինքնաթիռ, որոնք մասնակցում են Լիբիայում ռազմական թիրախների ոչնչացմանը: