«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի հատվածում ավտովթարի էր ենթարկվել ծանրամարտի աշխարհի չեմպիոն, 25-ամյա Նազիկ Ավդալյանը: Վերջինիս Գյումրիից տեղափոխել էին Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտելուց հետո Նազիկին տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը նշեց, որ Նազիկ Ավդալյանին ընդունել են կրծքավանդակի և ողնաշարի համակցված վնասվածքներ ախտորոշումով, վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն, գիտակցությունը` պարզ: Բժշկի խոսքերով, առաջիկա օրերին նրան կվիրահատեն, ինչից հետո նոր կարելի է խոսել նրա հետագա կարիերայի մասին: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կոտրվել են մարզիկի երկու կողերն ու ողնաշարի առաջին գոտկային ողը: «Այս պահին ողնուղեղի ոչ մի ֆունկցիայի ախտահարում չկա»,- ասաց Մանգոյանը: