Ադրբեջանական 1News.az կայքը, վկայակոչելով իրանական Fars News-ը, նշում է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Թուրքիայի, Իրանի, Սիրիայի ու Իրաքի միջև «Շենգեն» անցագրերի ռեժիմ ներդնելու շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի զբոսաշրջության փոխնախարար Շահբազ Եզդին:
Վերջինիս խոսքերով, առավել վաղ այս քառյակին միանալու ցանկություն էին հայտնել Հորդանանն ու Լիբանանը: Նա ասել է նաև, որ այս նախաձեռնության հեղինակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է.
«Չորս երկրների միջև այդպիսի անցագրերի ձևակերպումն էականորեն կակտիվացնի զբոսաշրջության զարգացումը: Այս նախագծի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի: Ներկայումս դրա վրա աշխատում են 4 երկրների արտգործնախարարությունների խորհրդատվական կոմիտեները:
Թեև Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի միջև արդեն իսկ վերացվել է անցագրային ռեժիմը, միացյալ անցագրային տիրույթի ստեղծումը կարևոր դեր կխաղա մեր երկրների համագործակցության զարգացման գործում»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը Լիբանանում գտնվող Էրդողանը հանդես եկավ արաբական երկրների հետ «Շենգենյան գոտի» ստեղծելու նախաձեռնությամբ. «ԵՄ-ը դա կոչում է Շենգեն: Ինչո՞ւ չենք կարող նման բան իրագործել»: