Կոտայքի մարզի Առինջ համայնքում 6370 բնակիչ կա, դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 4827 բնակիչ: Համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ գյուղում «Այո»-ի շտաբը արդեն մի քանի օր է՝ գործում է: Ըստ նրա՝ Առինջում մոռացել են իրենց համագյուղացի Գագիկ Ծառուկյանին իշխանությունների կողմից հասցված վիրավորանքները, և ընտրողների 80-90 տոկոսը «Այո» է քվեարկելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
Գագիկ Սարգսյանը նաև վստահաբար ասաց՝ Առինջում բացառվում է «Ոչ»-ի շտաբի ձևավորումը:
Չնայած համայնքի ղեկավարը վստահ է՝«Այո» ասելով բնակիչները կշահեն, գյուղացիները այլ կարծիք ունեն, սահմանադրական փոփոխություններից ակնկալիքներ չունեն:
Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում ևս բնակիչները սահմանադրական փոփոխությունները համարում են միայն Սերժ Սարգսյանի և Հանրապետականների վերարտադրության փաստաթուղթ: Այստեղ բնակիչների թիվը 3851 է, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողներինը՝ շուրջ 2400:
Այս գյուղում ևս «Այո»-ի հաղթանակի վրա վստահ է գյուղապետ Կամո Գրիգորյանը: Բառացի մեջբերում ենք նրա ասածները: «Սաղ լավ ա լինելու, սաղ նորմալ ա»:
Կոտայքի մարզի Նոր գյուղ, Արամուս համայնքներում էլ ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին լսել չեն ուզում, թեմայից նույնիսկ բորբոքվում են: Նրանց կարծիքով՝ այս գործընթացներից ևս ժողովուրդը պարտվող է դուրս գալու:
Գյուղացիները հորդորեցին իշխանություններին իրենց վերարտադրության համար քաշքշուկի մեջ ժողովրդին չգցել, սևերես չանել, գյուղում մեկը մեկին գիտեն, լավ չի լինի, որ հանրաքվեի պատճառով խժդժություններ լինեն: