Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրի շրջանակում Երևանի «Միկա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ուլիս»-ին: Խաղը տեղի ունեցավ «Միկա» մարզադաշտում:
Տանտերերը կարողացան նվազագույն հաշվով առավելության հասնել հյուրերի նկատմամբ: Խաղի միակ գնդակը 9-րդ րոպեին խփեց Սամվել Մելքոնյանը՝ եզրափակելով տանտերերի ձեռնարկած գեղեցիկ գրոհը:
Հայաստանի Բարձրագույն խումբ. 12-րդ տուր. «Միկա» – «Ուլիս»՝ 1:0
Գոլը՝ 9´ Սամվել Մելքոնյան(1:0):
Այսպիսով՝ 12-րդ տուրից հետո «Միկա»-ն մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է և 5-րդ հորիզոնականում գտնվող «Արարատ»-ին զիջում է 5 միավոր:
Ինչ վերաբերում է «Ուլիս»-ին, ապա թիմի անհաջողությունները Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունում շարունակվում են: «Ուլիս»-ն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հաղթանակ չի կարողացել տանել: 12 տուրից հետո նրանք 10 պարտություն են կրել և 2 անգամ խաղն ավարտել ոչ-ոքի արդյունքով: Վաստակած 2 միավորով «Ուլիս»-ը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է:
Հավելենք, որ այսօրվա կենտրոնական հանդիպումը տեղի է ունենալու 16:00-ին: «Փյունիկ»-ն ընդունելու է «Գանձասար Կապան»-ին: Այս զույգի հաղթողը կշրջանցի «Շիրակ»-ին՝ հաստատվելով երկրորդ հորիզոնականում: Ոչ-ոքի արդյունքի դեպքում ակումբները միավորներով կհավասարվեն Գյումրու թիմին:







































