Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կնոջ՝ Էմինե Էրդողանի ու դստեր՝ Սյումեյե Էրդողանի հետ Ստամբուլում քվեարկել է երկրում անցկացվող խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, ավելի վաղ է քվեարկել Ստամբուլում։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ այսօր Թուրքիայում մոտ 54 միլիոն մարդ գնում է ընտրատեղամաս, և որ ընտրություններն օգտակար կլինեն ազգի համար։ Էրդողանը նոյեմբերի 1-ի ընտրությունների անցկացումը պայմանավորել է նրանով, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չգրանցվեց կայունություն, չհաջողվեց ձևավորել կոալիցիա, և առաջացավ նմանատիպ իրավիճակ։
Էրդողանն ընդգծել է, որ հավատում է՝ այս ընտրությունները կբերեն կայունություն, և անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել ընտրություններում ազգի հայտնած կամքին։ Նա հավելել է, որ ընտրությունների արդյունքներին հետևելու է Ստամբուլից։
Թուրքական մամուլը հիշեցնում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը 146 օր անց Թուրքիայում անցկացվում են նոր ընտրություններ։









































