«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը
-Պարոն Ասատրյան, ամբողջ աշխարհում դոլարը վերջին շրջանում սկսել է արժևորվել, իսկ Հայաստանում բոլորովին այլ պատկեր է, դրամն է արժևորվում: Ո՞րն է պատճառը:
-Ճիշտ կլինի խոսել ոչ թե դոլարի արժևորման, այլ ազգային արժույթների տատանումների մասին: Այո՛, իսկապես և՛ տարածաշրջանում, և՛ ԵվրԱզԷսի անդամ երկրներում ազգային արժույթների արժեզրկման գործընթաց է: Երկարատև ժամանակահատվածում՝ վերջին 1-1,5 տարվա ընթացքում Հայաստանում էլ է դա տեղի ունեցել: Ե՛վ Ռուսաստանի տնտեսության ազդեցության ներքո գտնվող, և՛ ԵվրԱզԷս-ի անդամ երկրներում, և՛ այլ երկրներում՝ Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում ազգային արժույթների էական անկում տեղի ունեցավ: Ամենաթույլ նվազումը Հայաստանում կատարվեց: Վերջին օրերի իրադարձությունները կարճատև էֆեկտներ են՝ սեզոնով պայմանավորված, և դրամի էական արժևորում տեղի չի ունեցել:
Դրամը պետք է, որ արժեզրկվեր, բայց չի արժեզրկվել այնքան, որքան որ կարող էր, որը և մեր արտահանողներին, արտադրողներին հնարավորություն կընձեռեր լիարժեք իրենց գործունեությունը ծավալել: Պրոբլեմն այստեղ եմ տեսնում: Ակնհայտ է, որ ձևավորվել են նոր համամասնություններ՝ վճարային հաշվեկշռի տեսանկյունից (պայմանական արտարժութային հաշվեկշիռ տերմին շրջանառության մեջ դնենք), լրիվ նոր իրավիճակ, որտեղ այլ տեղաշարժեր պետք է տեղի ունենային:
-Արժութային շուկայի ոչ կայուն վիճակը, դրամի ոչ կայուն վիճակը, այն, որ արժևորվում է, դրանում կենտրոնական բանկի մեղավորությունը կա՞, որ արհեստական դեֆիցիտ է ստեղծում, թե՞ այլ ավելի օբյեկտիվ պատճառներ կան:
-Հակառակը՝ ես կմեղադրեի կենտրոնական բանկին նրանում, որ մասնակցություն ունի մեր շուկայում, որովհետև մեր օրենսդրությունը ազատական է, մեր գործող կարգի և միջազգային պայմանագրերի համաձայն՝ Կենտրոնական բանկը չպետք է միջամտի փոխարժեքի ձևավորմանը: Սա տնտեսական քաղաքականության կարևորագույն սկզբունքներից մեկն է, որովհետև մենք ունենք վճարային հաշվեկշռի, արտաքին առևտրի էական ճեղքվածքներ: Այս տարվա մեղմացումը ինչ-որ չափով պայմանավորված էր այդ հաշվեկշռում տեղի ունեցած իրադարձություններով: 9 ամիսների ընթացքում մենք ունենք ներմուծման նվազում՝ մոտավորապես 26 տոկոսով, այն պարագայում, որ արտահանումը համարյա անփոփոխ է մնացել: Սա նշանակում է, որ 600 միլիոն դոլարի քիչ ներմուծում է եղել: Իհարկե սա նախ և առաջ հետևանք էր մասնավոր տրանսֆերտների կրճատման՝ Ռուսաստանի իրադարձություններով պայմանավորված: Մեր տնտեսության առաջին արձագանքը սա էր՝ ներմուծման կրճատում, որը նաև այլ պատճառներ ունի, այդ թվում նաև ազգաբնակչության թվի նվազումը, արտագաղթը: Սրանով էր պայմանավորված նոր համամասնության ստեղծվելը, որի պարագայում շուկայում արտարժույթի նկատմամբ հարաբերական պահանջարկը նվազել էր: Բայց պետք է խոսենք գլոբալի մասին. իսկ հետո՞ ինչ է լինելու: Այս մի քանի օրերին մի քիչ ավելի շատ մեր հայրենակիցներից եկան, մի քիչ էլ զբոսաշրջիկներ եկան, գյուղատնտեսության գործոնն այս տարի ակնհայտ էր՝ արտահանման ծավալների ավելացում, շուկայում աշխուժություն եղավ, իսկ հետո՞ ինչ է լինելու:
-Ներմուծման ծավալների նվազման պատճառներից մեկը կարելի է համարել այն, որ մարդիկ, ասպես ասած, աղքատացել են, նրանց եկամուտներն են նվազել: Այս վիճակը կայունացնելու համար ի՞նչ միջոցներ կարելի է կիրառել:
-Մեր տնտեսությունը սեղմվում է հայտնի պատճառներով: Հայաստանի տնտեսությունը հիվանդ է, հայտնի է դա, և հայտնի են նաև հիմնական ախտորոշումները՝ կոռուպցիան, մենաշնորհները, մրցակցություն բառը ընդհանրապես տեղին չէ Հայաստանում ասել: Այս նախադրյալների պայմաններում Հայաստանը դարձել է երկիր, որը սպասարկում է որոշ թվով մարդկանց՝ հիմնականում պաշտոնյաներին և իրենց շուրջ կանգնած մարդկանց: Հայտնի է, որ Հայաստանում հաջողակ բիզնեսմեն լինելու համար նախագահ պիտի լինես, նախագահի եղբայր պետք է լինես, վարչապետ պետք է լինես, սովորական մահկանացուին հասու չէ: Ես չգիտեմ՝ ինչ կերպ կարելի է ասել այս մեր մեծ ինտելեկտի տեր քաղաքական գործիչներին, որ տղե՛ք ջան, հերի՛ք է, հասկացանք, լավ, ինչ-որ մի փուլ էր, անցավ, բայց սպառել է այդ փուլը, շուտ պետք է գլխի ընկնեք և այլ մոդելի պետք է անցնեք: Այս կառավարման մոդելը, որտեղ իշխանությունը և բիզնեսը սերտաճել են, իրեն սպառել է: Հիմա նոր մոդելի պետք է անցնել, որ մեր երկիրը զարգանա, որովհետև լուրջ պրոբլեմներ ունենք, մարդիկ փախչում են այս երկրից: Շատ լավ է, որ տնտեսական աճ կա, բայց ցավալիորեն այդ տնտեսական աճը զգում են միայն Հ1 հեռուստաընկերությունը և մի խումբ պաշտոնյաներ:
-Հաջորդ տարվա տնտեսական աճը ավելի քիչ է, քան այս տարի էր: Այսպիսի բան երևի թե դեռ չէր եղել:
-Եղել է, վերջին տարիների ընթացքում այս միտումը կա, նախևառաջ Ռուսաստանի տնտեսության վիճակի գորոծոնով է պայմանավորված, որը հաջորդ տարի ավելի է վատթարանալու: Ես տարեսկզբին շատ ավելի դժգույն կանխատեսումներով էի հանդես գալիս: Հայտարարել էի, որ մենք կանգնած ենք մի երևույթի առաջ, որ եթե երկնիշ թվով տնտեսական անկում լինի, չեմ զարմանա:
Եթե անգամ նշված տնտեսական աճը ապահովվի, պետք է գոհ լինել: Մանավանդ որ մակրոտնտեսական և գլոբալ գործոններից բացի՝ կան նաև այլ գործոններ ևս: Կամփոփեն, որ մոտավորապես 3,5 տոկոս աճ լինելու է, բայց եկեք աճի բովանդակության մեջ մտնենք: Աճի հիմնական գործոնը գյուղատնտեսությունն է, այս տարի իսկապես բացառիկ տարի էր: Այս տարեսկզբին մեր գյուղնախարարը գնաց, աղոթք կարդաց, և Աստված բարեգութ գտնվեց: Ես չգիտեմ՝ իսկապես աղոթք կարդացել է, թե չէ, տա Աստված, որ մյուս տարի ավելի լավ լինի, բայց բնությունն է դա որոշում, մյուս տարի գյուղատնտեսության այսպիսի արդյունք ունենալը խիստ ռիսկային է: Եթե չապահովվի այս աճը, ինչի՞ հաշվին է ապահովվելու տնտեսական աճը: Ներմուծման ծավալների կրճատումը տեղի է ունենալու, իսկ մեր տնտեսության հիմքում դրված է սպառումը, այդ իմպորտը որոշիչ է: Եթե առևտրի ոլորտում նվազում տեղի ունենա, ինչպե՞ս է ապահովվելու տնտեսության աճը: Արտահանման կրճատում ևս նկատելի է, շուրջ 35 տոկոսով կրճատվել է արտահանումը Ռուսաստան:
-Բանկային համակարգն էլ մաս է կազմում տնտեսության և իր ազդեցությունն ունի տնտեսական զարգացման վրա. բանկերի խոշորացումը, չե՞ք կարծում, որ կարող է բանկային համակարգը ոչնչացնել:
-Փոքր տնտեսություններում մեծ պրոբլեմներ չեն լինում: Կարող է ինչ- որ անկում լինել, բայց ոչնչացնել, կորցնել, մեծ ճգնաժամ չի կարող Հայաստանում լինել:
-Իսկ մոնոպոլիզացնել և՞ս:
-Այդ վտանգը կա, բայց համակարգն ավելի ճկուն է: Ես կողմնակից չեմ բանկերի այս կարգով խոշորացմանը, իմաստ չեմ տեսնում: Մի տնտեսություն, որտեղ կապիտալիզացիան շատ ցածր մակարդակի վրա է, այդպիսի պահանջներ դնելն, իմ կարծիքով, ճիշտ չէ: Խոշոր բանկ ունենալը վատ բան չէ, բայց միասնական պահանջներ դնել բոլորի համար, այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանը մի երկիր է, որտեղ այս համակարգը ձևավորման փուլում է, պետք է մրցակցություն ապահովվի: Բոլոր ոլորտներում մենք ունենք անկում. արտաքին առևտրի ոլորտում նվազումն ակնհայտ է, ֆինանսական հոսք՝ մասնավոր տրանսֆերների 30 տոկոս կրճատում, ունենք շատ ցավալի մի տեղ՝ մասնավոր ներդրումներ, որտեղ ուղղակի խայտառակ վիճակ է: Այսինքն՝ հոսքը կրճատվում է, այս պարագայում բանկերն ինչպե՞ս պետք է աշխատեն: Մենք ունենք բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշների նվազում, տարեսկզբից մեր բանկային համակարգը վնասներով է աշխատում: Եթե միջոց ունեք, ուզում եք ներդրում անեք, արդյո՞ք դուք կներդնեք բանկի կապիտալում, տեսնելով, որ եկամուտ չի բերում այդ կապիտալը: Հավանաբար կմտածեք՝ ավելի լավ է ավանդ դնեմ, իմ տոկոսները ստանամ: Այստեղ վիճակը շատ ավելի անհանգստացնող է, այս պրոցեսը վաղը կանգ չի առնելու: Եթե անգամ մյուս տարի տնտեսական աճը 2 չէ 5 տոկոս լինի, հավատացեք, բանկային համակարգում միանգամից այսպիսի փոփոխություն չի լիելու, բանկային համակարգը շատ ավելի պահպանողական է զարգացման տեսանկյունից, և այս միտումները դեռ առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում կդրսևորվեն, անգամ եթե գալիք տարի՝ 2016թ., իրական տնտեսական աճ ունենանք: Կարծում եմ՝ տնտեսական իշխանությունները պետք է մտահոգ լինեն և միջոցներ ձեռնարկեն:











































