Այսօր Հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցն է: 16 տարի է անցել այն օրից, որը Հայաստանի անկախ պետականության կամ, այսպես ասած, երրորդ հանրապետության պատմության համար երևի թե ամենաբեկումնային պահը եղավ: Շատ հեշտ է մարդկային գնահատական տալ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը: Դա սարսափելի հանցագործություն էր թե՛ կոնկրետ անձանց, թե՛ հասարակության, թե՛ պետության դեմ, ողբերգություն, որի հասցրած վերքը շատ դժվար է սպիանալու անգամ ևս 16, ևս մի քանի 16 տարի անց: Միևնույն ժամանակ, շատ դժվար է գնահատել այդ ողբերգության ազդեցությունը հասարակության, պետական կյանքի վրա, որովհետև երիտասարդ պետության հանդեպ կատարված այդ ահաբեկչության իրական սահմաններն ու ազդեցությունը երևի դեռ մի քանի տարի շարունակ իրենց զգալ են տալու, ազդեցության նոր դրսևորումներ են լինելու, ըստ որում՝ դրանց զգալի մասի առումով հանրության մտքով իսկ չի անցնի, որ այդ դրսևորումները հենց հոկտեմբերի 27-ի ազդեցության հետևանքներն են:
Երիտասարդ պետականության, նաև պետականության կերտման փորձ չունեցող, քաղաքացիական գիտակցության արմատավորված ավանդույթներ չունեցող հասարակության համար ահաբեկչությունը թե՛ մարդկային, բարոյական տեսանկյունից էր ահռելի սարսափ, թե՛ քաղաքական տեսանկյունից էր անհամաչափ և գերծանր բեռ: Նման ահաբեկչությունները, նման հարվածները դժվար տանելի են անգամ ավելի փորձառու հասարակությունների և պետությունների համար: Եվ այս տեսանկյունից, իհարկե, կատարվածի վերաբերյալ քաղաքական գնահատականներն ու մեկնաբանությունները, վստահաբար կարող ենք ասել, չեն կարող ընդգրկել ողջ մասշտաբները, քանի որ, անկասկած, մենք դեռևս չենք տեսել կատարված ողբերգության ողջ մասշտաբը մեր պետականության և պետության համար: 16 տարի հետո, սակայն, 16-րդ տարելիցին, Հայաստանը գտնվում է մի շատ ուշագրավ, խորհրդանշականորեն սիմետրիկ իրականությունում, որում պետության ճակատագրի հարց է դրված, և հասել ենք բեկումնային մի հանգրվանի, որտեղ անկախության լինել-չլինելու դիլեման է:
Առաջին հայացքից այս ամենը Հոկտեմբերի 27-ի հետ ուղիղ կապ չունի, և գուցե նաև անուղղակի կապ էլ չունի, այլ եզրերը իրար ենք բերում միայն զգայական գնահատականների արդյունքում: Սակայն այն, ինչ կարատվում է այսօր, վկայում է, որ Հոկտեմբերի 27-ը, ըստ էության, շարունակում է գործող հրաբխի դեր կատարել Հայաստանի պետականության համար, և այսօր՝ 16 տարիների հեռվից, նաև կարծես թե որոշակիանում է, որ լավան իրականում սկսել է եռալ Հոկտեմբերի 27-ից էլ առաջ: Կամ, այլ կերպ ասած, Հայաստանը գործող պետականության փոխարեն ըստ էության ծավալվել է որպես գործող հրաբուխ, որն արդեն ժայթքել է առնվազն երկու անգամ՝ սարսափելի հետևանքներով՝ Հոկտեմբերի 27 և Մարտի 1: Ու քանի որ այս ամենից հետո Հայաստանում, ըստ էության, որակական փոփոխություններ տեղի չեն ունենում, տագնապով պետք է արձանագրենք, որ գործող հրաբուխը շարունակում է փոխարինել գործող պետականությանը, ինչը իր հերթին նշանակում է, որ հրաբխային նոր ու սարսափելի ժայթքումները բոլորովին չեն բացառվում: Առավել ևս, երբ այսօր, ըստ էության, օրակարգում հայտնվել է նույնիսկ պետականության արդեն դե յուրե գոյության սպառնալիքը, ինչը, սակայն, հասարակական-քաղաքական լայն դիմադրության արժանանալու և այդ միջոցով որպես սպառնալիք, որպես դետոնատոր չեզոքացվելու փոխարեն՝ լեգիտիմացվում է լայն ճակատով՝ հիշեցնելով հասարակության և պետության բարոյահոգեբանական զինաթափում գրոհից առաջ:









































