«Նորք» հրատարակչությունը լույս է ընծայել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի հայերեն թարգմանությունը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրի անցած տարվա վերջին համարում հեղինակի թարգմանությամբ ռուսերեն տպագրված այս վեպը մեծ աղմուկ առաջացրեց Ադրբեջանում, երկրում հայտնի 75-ամյա գրողն ու իր ընտանիքի անդամները ենթարկվել են հետապնդումների:
Վեպում հեղինակը անդրադառնում է իր ծննդավայր Այլիսի (Ագուլիսի) պատմությանը, անցած դարավերջին Բաքվում հայազգիների նկատմամբ բռնություններին` մի տեսանկյունից, որը որոշակի քաղաքացիական խիզախություն է պահանջում, ըստ էության` հանդուրժողականության կոչ անելով ավելի քան երկու տասնամյակ միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված ժողովուրդներին:
«Պարզվեց, որ ընդամենը հանդուրժողականության կոչը կարող է Ադրբեջանում այդքան մեծ աղմուկ բարձրացնել: Հետաքրքրությունն այդ գրքի նկատմամբ, մասնավորապես, Հայաստանում համարժեք է Արդբեջանում բարձրացված աղմուկին», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է թարգմանիչը` Լեոնիդ Զիլֆուղարյանը. – «Վեպն աննախադեպ է ոչ թե այն առումով, որ Ադրբեջանում այդ հարցերը երբևէ չեն արծարծվել, այլ` որ այդ կարգի, հանրահայտության այդ աստիճանի գրողն է այդ հարցերը բարձրացրել»:
Թարգմանչի կարծիքով, վեպում ամենահաջողվածը հեղինակի ծննդավայր Այլիս-Ագուլիսին նվիրված հատվածներն են: Գրքի գլուխներից մեկի բնաբանը հետևյալն է. – «Օ, Ամենազոր Տեր, բարի եղիր, ասա ինձ, դո՞ւ ես արարել իմ Այլիսը, թե՞ Այլիսս է արարել քեզ…»:











































