Հանրությունը չկարողացավ հասնել իր նպատակին, որը թույլ տրված սխալների արդյունք է: Այսպիսի գնահատական տվեց երեկ Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում ծավալված բախումներին ԼՂ ԱԳ նախկին նախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Արման Մելիքյանը հետաքրքրական համարեց այն հանգամանքը, որ գործող իշխանությունը զանգվածային բողոքի փողոցային ակցիաների հետ իր վարվեցողության հմտությունը ժամանակի ընթացքում հղկում և կատարելագործում է: Ըստ նրա՝ ոստիկանությանը հաջողվեց երեկ և՛ ուժ ցուցադրել, և՛ այդ ցուցադրության մեջ մնալ չափավոր` փորձելով գործընթացի կառավարման, դրա քաղաքական պարպման նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Արման Մելիքյանի գնահատմամբ՝ հատկապես զգայացունց էր ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանի և պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ աղոթքը Ծիծեռնակաբերդում, որը քաղաքացիական անհնազանդության վերաբերյալ պատկերացումներին միանգամայն նոր բովանդակություն ու խորհուրդ հաղորդեց:
«Սխալների մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ հստակ են նպատակները: Իշխանության նպատակը «ընտրությունների» միջոցով վերարտադրվելն էր, և այս փուլում այն, շնորհիվ նաև պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի ներդրած ջանքերի, կարողացավ ժամանակավորապես իր առջև դրված խնդիրը լուծել: Պարոն Հովհաննիսյանի նպատակներն ինձ համար հստակ չեն, ուստի և իր գործողությունները չեմ մեկնաբանի»,- նշեց Արման Մելիքյանը՝ հավելելով, որ հասարակության նպատակն էր նախ՝ ազատվել այս իշխանություններից, ապա՝ ձևավորել նոր` որակապես տարբեր իշխանություն, որը կպաշտպաներ ոչ թե առանձին պաշտոնյաների և օլիգարխիայի այլ հենց հանրության շահերը: Բայց, նրա խոսքերով, այս փուլում հանրությունը չկարողացավ հասնել իր համար ցանկալի արդյունքին, և դա, վստահաբար, թույլ տրված սխալների արդյունք է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































