Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հաղորդում են, որ վաղը` նոյեմբերի 10-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչը «Սինոփսիս-Արմենիա» ընկերությանը կշնորհի ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի գործերով քարտուղարի տեղակալ Ռոբերտ Դ. Հորմատսի կողմից սահմանված մրցանակը, որը սահմանվել է 2010թ. ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող մրցանակի եզրափակիչ փուլ անցած 12 ընկերությունների համար: Սինոփսիսը ճանաչվել է որպես ծրագրավորման և ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ և օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ ուսուցման ծրագրերի շուրջ և աշխատում է աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ Հայաստանում` տնկելով հարյուրավոր ծառեր` վերջին ժամանակների անտառահատումների հետևանքները կանխելու համար: Սինոփսիս-Արմենիան ընտրվել է աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած ռեկորդային 78 հավակնորդների շարքից: Եզրափակիչ փուլում հայտնվել են միջազգային բիզնեսի այն առաջատարները, որոնք գիտակցում են այն կարևոր դերը, որը կատարում են արտերկրում գործող ամերիկյան ընկերությունները` որպես լավ կորպորատիվ քաղաքացիներ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Սինոփսիսի երևանյան գրասենյակներում ժամը 15:00:
Պետքարտուղարի կողմից գերազանց կորպորատիվ գործունեության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը և ժողովրդավարական սկզբունքները: Պետքարտուղարությունը պատրաստ է աշխատել ընկերությունների հետ` այս ոլորտի լավագույն փորձը աշխարհով մեկ տարածելու, ինչպես նաև հայրենի երկրում և արտերկրում կյանքի բարելավմանն ուղղված քայլերը խթանելու հարցում: 2010թ. մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան այս աշնանը` պետքարտուղարի կողմից մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: