Զենքը, որը ստացվում է Լիբիայից, «սպառնալից մասշտաբներով» նպաստում է Մալիում և Սիրիայում զինված հակամարտությունների թեժացմանը՝ ասվում է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների խմբի տեղեկություններով՝ Լիբիան ավելի քան 12 երկրում դարձել է զենքի ստացման հիմնական աղբյուր: Մատակարարվում են հակաօդային պաշտպանության շարժական համակարգեր, թեթև սպառազինություն ու զինամթերք:
«Լիբիական զենքի նման մատակարարումները Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ համալրում են ահաբեկչական խմբավորումների զինանոցները»,- ընդգծվում է զեկույցում:
Փորձագետները նշում են, որ լիբիական զենքի մատակարարումը Սիրիա իրականացվում է լիբիական Բենղազի և Միստրատա քաղաքներից Թուրքիայի և Լիբանանի հյուսիսի միջոցով:
Զեկույցում նշվում է, որ զենքի մատակարարումների զգալի ծավալները թույլ են տալիս ենթադրել, որ Լիբիայի իշխանությունների ներկայացուցիչները տեղյակ են դրանց մասին կամ անմիջականորեն ներգրավված են այդ մատակարարումների իրականացման գործում:








































