Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է աննախադեպ որոշում՝ ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված, նախկին հետախույզ, ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին: Վերջինիս նկատմամբ նման ծանր պատժաչափ էր սահմանվել Իրանի դեսպանի ճնշման արդյունքում, քանի որ նա սպանել էր իրանահպատակ ադրբեջանցու:
«Նախ՝ ես աննախադեպ չեմ համարում այդ որոշումը, ավելի շուտ՝ սա նախադեպային էր: Իհարկե, Հայաստանում օրենքները չեն գործում, բայց Սողոմոն Քոչարյանն ունի կյանքի հետ անհամատեղելի հիվանդություն, և իշխանությունները պարտավոր էին շատ արագ նրան ազատ արձակել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր Սողոմոնի նկատմամբ այսպիսի անհամաչափ վճիռ էին կայացրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սա 20 տարվա վաղեմության դեպք է… Այսօր էլ է նույն բանը կատարվում: Թող այսօր պատժեն նրանց, ովքեր ապօրինի վճիռներ են կայացնում, անմեղ մարդկանց են դատապարտում»:
«Մեր քրեակատարողական հիմնարկում յուրաքանչյուր դատապարտյալ գին արժե, կալանավայրերում ահավոր փողեր են պտտվում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը՝ ցմահ դատապարտյալների գործերը չվերանայելու իշխանությունների դիրքորոշումը կապելով կոռուպցիոն ռիսկերի հետ:
«Այս իշխանությունը անմարդկային է: Այսօրվա արդարադատության նախարարը կին է, և մի՞թե չէր կարող գոնե խոսել բողոքի ակցիային մասնակցած ցմահ դատապարտյալների ծնողների հետ. չէ՞ որ այս մարդիկ էլ են իրենց հարազատների հետ ցմահ դատապարտված: Այնպես որ՝ ես չեմ ակնկալում, թե այս իշխանությունների դիրքորոշման մեջ կարող է փոփոխություն կատարվել: Հայաստանում ոչ թե արդարադատություն է իրականացվում, այլ պատիժ»,- եզրափակեց մեր զրուցակիցը: