Այսօր Սահմանադրական դատարանը սկսեց քննել և կեսօրին կհրապարակի վճիռը՝ կապված իրավաբաններ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի դիմումի հետ՝ տեղեկատվական աղբյուրները բացահայտելու խնդրի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Հրապարակ» օրաթերթն ու ilur.am կայքը մայիսի 9-ին հանդես եկան հրապարակմամբ այն մասին, որ մայիսի 7-ին Գյումրիում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և մարզիկներ Արթուր և Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ ոստիկանության մարզային վարչության պետն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռաֆայելի գլխին, ապա ատրճանակը պահել Արթուրի կրծքավանդակին:
Դրանից հետո լրատվամիջոցների հրապարակման առթիվ քրեական գործ հարուցվեց, և քննչական մարմինը լրատվամիջոցներին պարտադրում էր հրապարակել տեղեկատվության աղբյուրը։ Գործով քննիչ Բեգոյանն իր՝ աղբյուրը բացահայտելու միջնորդությունը հիմնավորել էր այն հանգամանքով, որ ilur.am և «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների աղբյուրի բացահայտումը կարող է օժանդակել քրեական գործով ենթադրյալ ծանր հանցագործության վերաբերյալ հաստատող կամ հերքող ապացույցների ձեռք բերմանը: Ըստ նրա՝ տվյալ դեպքում հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը:
Մինչդեռ իրավաբաններ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը գտնում են, որ օրենքում բաց կա, որը թույլ է տալիս քննչական մարմիններին լրատվամիջոցին պարտադրել հրապարակել իր աղբյուրը, որը կարող է վտանգավոր նախադեպ լինել։ Մինչդեռ պետք է օրենքով կամ ՍԴ նախադեպով հստակեցվի, թե որ դեպքում կարելի է հրապարակել աղբյուրը։
Նշենք, որ քիչ անց ՍԴ-ն կհրապարակի այս գործով վճիռը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։