
Ուղիղ երկու շաբաթ առաջ լուր տարածվեց, որ թուրքական ռազմական ուղղաթիռը 2-4 րոպե տևողությամբ խախտել է հայ-թուրքական սահմանը Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի հատվածում: Նույնը կրկնվեց մեկ օր անց: Հայաստանի ավիացիոն ոլորտի պաշտոնատար անձինք հաստատեցին փաստը, սակայն այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչպես է այդ սահմանախախտմանը արձագանքել հայկական կողմը: Միակ քիչ թե շատ հասկանալի բացատրությունն այն էր, որ թուրքական ուղղաթիռների այս քայլը կարող էր լինել ի պատասխան ռուսական օդանավերի թուրք-սիրիական սահմանը անցնելուն, որի առնչությամբ թուրքական կողմը հանդես էր եկել ռուսական կողմին ուղղված նոտայով:
Այս դեպքից երկու շաբաթ անց մեզ հայտնի դարձավ, որ թուրքական ռազմական ուղղաթիռների սահմանը խախտելու փաստին արձագանքել են «Էրեբունի» օդանավակայանում գտնվող ռուս զինվորականները: Ինչպես հայտնի է «Էրեբունի» օդանավակայանում է տեղակայված Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ավիացիոն մասը: Ըստ ռուսական զինվորականությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ թուրքական ուղղաթիռի սահմանը հատելու մասին ազդանշանը ստանալուց անմիջապես հետո օդ է բարձրացել ռուսական МиГ-29 օդանավը, սակայն թուրքական ուղղաթիռը այնքան կարճ է գտնվել Հայաստանի օդային տարածքում, որ ռուսական օդանավը չի հասցրել համապատասխան գործողություններ կատարել:
Մեր զրուցակիցը բացատրեց, որ 2-4 րոպեն բավական քիչ ժամանակ է, որպեսզի օդանավը կարողանա օդ բարձրանալ և հասնել սահմանախախտման վայր: «Այնպես չի, որ ռազմական օդանավերը անընդհատ գտնվում են երկնքում, որ ցակացած պահի կարողանան արձագանքել սահմանախախտմանը: Ռազմական օդանավերի անձնակազմը 24-ժամյա հերթապահություն է իրականացնում, բայց մինչև սահմանախախտման ազդանշանը տեղ է հասնում, մինչև անձնակազմը հասնում է օդանավ, մինչև օդանավի շարժիչը գործի է դրվում, և այն օդ է բարձրանում, այդ 2-3 րոպեն անցնում է»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա պատմեց, որ օդ բարձրացած ռուսական օդանավի անձնակազմին հրահանգ է տրված եղել թուրքական ուղղաթիռին պարտադրել վայրեջք կատարել Հայաստանի տարածքում, որից հետո միայն կպարզաբանվեր, թե ինչ հանգամանքերում է տեղի ունեցել սահմանի խախտումը: «Ընդհանրապես պրակտիկան է այդպիսին, եթե որևէ երկրի ռազմական օդանավ կամ ուղղաթիռ առանց նախնական համաձայնեցման հատում է այլ երկրի օդային տարածք, ապա պետք է ենթարկվի հարկադիր վայրէջքի: Խնդիրն այն է, որ ռուսական ռազմական օդանավը չի հասցրել կատարել առաջադրանքը, մանավանդ որ՝ թուրքական ուղղաթիռը կտրուկ շրջադարձ է կատարել և արագ հեռացել է թուրքական տարածք՝ թաքնվելով մոտակա լեռների հետևում: Ռուսական ռազմական օդանավը գրեթե մեկ ժամ շարունակել է պտույտներ գործել սահմանի երկայնքով, որից հետո վայրէջք է կատարել: Հիմա տեղեկատվությունը շատ արագ է տեղ հասնում. այն պահին, երբ ռուսական օդանավը օդ է բարձրացել, թուրքական համապատասխան ծառայությունները դա արձանագրել են, և նրանք կարող էին միանգամից հրահանգել իրենց ուղղաթիռին հետ վերադառնալ, մանավանդ որ՝ թուրքական ուղղաթիռը չի խորացել Հայաստանի տարածքում, այլ թռել է սահմանի երկայնքով»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է, որ ռուսական ինքնաթիռը չի կարողացել ժամանակին տեղ հասնել օդաչուի կամ ռազմաբազայի անձնակազմի ոչ պրոֆեսիոնալիզմի, դանդաղ արձագանքման արդյունքում, մեր զրուցակիցն ասաց. «Դա բացառված է: Էրեբունու ռուսական ավիախմբի հրամանատարը գնդապետ Պետրովն է, ով Стрижи ավիացիոն խմբի վետերաններից է: Այս խմբի ներկայացուցիչները հայտնի են ռազմական օդանավեր վարելու և վիրտուոզ հնարքներ գործելու իրենց հմտությամբ: Պետրովն ինքն էլ է սիրում թռիչքներ իրականացնել МиГ-29 օդանավով, նույնիսկ արգելված հնարքներ է կատարում՝ ինքնաթիռը իջեցնելով մինչև 200 մետր և կտրուկ բարձրություն հավաքելով: Այնպես որ, ռուսական օդաչուների պրոֆեսիոնալիզմի մասով խնդիրներ չկան»:
Չնայած մեր զրուցակցի հավաստիացումներին, թուրքական ուղղաթիռների հետ տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո ռուս օդաչուները զորավարժություններ են իրականացրել, այդ թվում՝ փորձարկելով սահմանախախտ օդանավերին և ուղղաթիռներին հարկադիր վայրէջքի պարտադրման հետ կապված մի քանի առաջադրանքներ:
Իսկ թե ի՞նչ խնդիր են ունեցել թուրքական ուղղաթիռները՝ խախտելով հայ-թուրքական սահմանը, արդյոք կարելի՞ է լուրջ ընդունել թուրքական կողմի բացատրությունները, որ դա կարող էր կապ ունենալ վատ եղանակային պայմանների հետ, թե՞ դա այնուամենայնիվ պատասխան էր ռուսական օդանավերի կողմից թուրք-սիրիական սահմանը հատելուն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե պետք չէ լուրջ համարել եղանակային պայմանների պատճառով սահմանը խախտելու մասին բացատրությունը, որովհետև եղանակային շատ ավելի վատ պայմաններում թուրքական ուղղաթիռները չեն հատել սահմանը և թռչել են իրենց՝ նախապես որոշված երթուղով: Թուրքական բանակի ռազմական ղեկավարությունը երևի իր առջև խնդիր էր դրել պարզելու, թե ինչ օպերատիվությամբ է գործում ռուսական ավիացիոն խումբը, և ընդհանրապես՝ ինչպիսին կլինի ռուսների արձագանքը թուրքական կողմից իրականացվող նման սահմանախախտմանը: Կարծում եմ, որ թուրքական կողմը ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանը, և այլևս չի փորձի իր ուղղաթիռների և նրանց անձնակազմի բախտը»: