Այսօր Երևանի Սարյանի անվան պուրակում ՀԱԿ կուսակցականները, կանայք, ՀԱԿ համակիները տոնեցին մայրության և գեղեցկության տոնն՝ ազդարարելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը:
Երևանի ավագանու ընտրությունների ՀԱԿ ցուցակի առաջատար Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առանձնահատուկ ոչինչ չի արվել, այսօր ընդամենը փոքրիկ նախընտրական տեսահոլովակով է ազդարարվելու քարոզարշավի մեկնարկը:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչ տրամաբանություն է մշակվել քարոզարշավի իրականացման համար, պատասխանեց, որ տրամաբանությունն է ներկայացնել ՀԱԿ թիմն ու ծրագիրը, երևանցուն բացատրել, թե ինչու է ՀԱԿ-ը մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին և ինչ ակնկալիք ունի, ինչպես է պատրաստվում հաջողության հասնել իր ծարգրերի իրականացման գործում:
«Բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ այդ թվում հեռուստատեսությունը, ռադիոն, մամուլը, հանդիպունմները, բակային հանդիպումները, աշխատանքի բաժանումը, առանձին համայնքներում մեծ հանդիպումները կառուցելու ենք քարոզարշավ: Միայն ակտիվ քարոզարշավով կարող ենք ներկայացնել մեր ծրագրերը»,-ասաց Վահագն Խաչատրյանը՝ շարունակելով, որ որպես նախկին քաղաքապետ ցանկանում է, որ Երևանը երևանցու համար դառնա շատ հարմար քաղաք բոլոր առումներով՝ կանաչ, մաքուր, ժպտացող մարդկանցով:
Ըստ նրա՝ այն, ինչ կենտրոնում կա, չի նշանակում՝ Երևանում մաքրության և այլ հարցերը լուծված են: Նրա համոզմամբ՝ վերջին տաս տարվա ընթացքում կանաչները պակասել են:
«Առաջնահերթություններից մեկն է երևանցուն համոզել, որ ինքը հնարավորություն ունի քաղաքում իշխանություններին վստահել և նրանց հետ միասին իշխանության աշխատանքներին մասնակցելով իր ուզած քաղաքը կառուցել»,- եզրափակեց իր խոսքը Վահագն Խաչատրյանը:








































